Իտալիայի ոստիկանությունը հայտնում է, որ երեկ երեկոյան Մոսկվայի ֆուտբոլային ԲԿՄԱ ակումբի երկրպագուները կուտակվել են Հռոմի մետրոպոլիտենի «Ռեպուբլիկա» կայարանում, ինչի հետևանքով շարժասանդուղքը խափանվել է: Առնվազն 20 մարդ է վիրավորվել: Մի քանիսի վնասվածքները լուրջ են, բայց նրանց կյանքը վտանգի տակ չէ: 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Ռուսաստանցի ֆաները գնում էին Հռոմի Օլիմպիական մարզադաշտ, որտեղ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Ռոմա» ակումբը երեկ հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին: Խաղն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի: