Մատչելիության հղումներ

Աշխարհահռչակ քաղաքագետ Ֆուկույաման կգլխավորի Թբիլիսիում ստեղծվող Ժողովրդավարական կենտրոնը


Աշխարհահռչակ փիլիսոփա, քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամա, արխիվ
Աշխարհահռչակ փիլիսոփա, քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույամա, արխիվ

Աշխարհահռչակ փիլիսոփա, քաղաքագետ Ֆրենսիս Ֆուկույաման առաջիկայում կգլխավորի Թբիլիսիում ստեղծվող Ժողովրդավարական կենտրոնը, որը զբաղվելու է տարածաշրջանում կոռուպցիայի և բռնապետության դեմ պայքարի հարցերով։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Կենտրոնի գործունեության մանրամասներն առայժմ չեն հաղորդվում։

Տարածաշրջանային խնդիրներին քաջածանոթ հեղինակավոր գիտնականը՝ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման այս օրերին կազմակերպության ստեղծման աշխատանքների շրջանակում Վրաստանի մայրաքաղաքում է, որտեղ միաժամանակ ներկայացնում է իր «Ինքնություն» նոր գիրքը, որը պատմում է աշխարհում պոպուլիզմի աճի մասին, ինչը, հեղինակի կարծիքով, մեծ վտանգ է ներկայացնում ժողովրդավարության համար։

Ճապոնական ծագմամբ ամերիկացի քաղաքագետը, ով հայտնի է դարձել 1990-ականների սկզբներին «Պատմության ավարտը և վերջին մարդը» աղմկահարույց աշխատությամբ, մշտապես իր դիտակետում է պահում հետխորհրդային տարածաշրջանը:

Ֆուկույաման ամիսներ առաջ անդրադարձել էր նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին: Գերմանական Deutsche Welle-ի հետ զրույցում նա մասնավորապես մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանի վրա շատ մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, որին էլ, գիտնականի համոզմամբ, միանգամայն ձեռնտու է հին համակարգը, և Հայաստանում իրադարձությունները հուսահատեցնում են Ռուսաստանին:

Քաղաքագետը կարծիք էր հայտնել, որ անկախ իրադարձությունների զարգացումներից՝ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանին թույլ չտա դուրս գալ իր ազդեցության գոտուց, ինչը տեղի ունեցավ Վրաստանի և Ուկրաինայի դեպքերում: Ֆուկույաման մտահոգություն էր հայտնել «Հայաստանի հետ սպասվող առճակատման» կապակցությամբ:

Դեռևս Ղրիմի բռնակցումից առաջ՝ 2013 թվականին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ֆրենսիս Ֆուկույաման նշել էր, թե Ռուսաստանը հետզհետե իրեն կշրջապատի բացառապես ավտորիտար երկրներով և այդպիսով ինքն ավելի ավտորիտար կդառնա, օրինակ բերելով մաքսային միություն, միացյալ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային տարածք ձևավորելու փորձերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG