Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր վերահաստատել է՝ սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշոգիի «դաժան սպանությունը» Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսարանում «նախապես պլանավորված» էր ու հավելել, որ Անկարային չեն գոհացնում տեղի ունեցածի մեղքը հատուկ ծառայությունների առանձին աշխատակիցների վրա բարդելու սաուդական իշխանությունների փորձերը:
Այս մասին Թուրքիայի առաջնորդը հայտարարել է խորհրդարանում՝ իր գլխավորած քաղաքական ուժի պատգամավորների հետ հանդիպմանը:
Ներկայացնելով Հաշոգիի սպանության գործով թուրքական կողմի երեք շաբաթ տևած հետաքննության արդյունքները՝ նախագահ Էրդողանը որևէ կերպ չհիշատակեց Սաուդյան Արաբիայի փաստացի առաջնորդ, թագաժառանգ Մուհամադ բին Սալմանի անունը: Սպանված լրագրողը հենց նրան էր քննադատում իր հոդվածներում և մի շարք աղբյուրների պնդմամբ՝ լրագրողի սպանության մեջ ներքաշված են հենց թագաժառանգի մերձավորները:
Թուրքիայի նախագահը, այդուհանդերձ հայտարարել է, որ Հաշոգիի սպանությունը քաղաքական է և Թուրքիան ունի բավարար ապացույցներ, որոնք փաստում են, որ տեղի ունեցածը ամենևին էլ ինքնաբուխ ծեծկռտուք չէր, ինչպես պնդում է Էր-Ռիյադը, այլ պլանավորված գործողություն:
Սաուդյան Արաբիայի կառավարության կոշտ ընդդիմախոս Ջամալ Հաշոգին, ով մեկ տարի առաջ արտագաղթել է ԱՄՆ, երեք շաբաթ առաջ մտել է Ստամբուլում գտնվող իր երկրի հյուպատոսարան, ինչից հետո նրան ոչ ոք այլևս չի տեսել:
Թուրքիան առաջին իսկ րոպեներից հայտարարում է, որ լրագրողը սպանվել է դիվանագիտական ներկայացուցչության շենքում և նրա դաժան սպանությունը ապացուցող ձայնագրություններ և տեսագրություններ ունի:
Թագավորությունը, մինչդեռ, կտրականապես հերքում էր մեղադրանքները՝ պնդելով , թե տեղեկություններ չունեն լրագրողի -ճակատագրի մասին, քանի որ հյուպատոսարան մտնելուց քիչ անց նա լքել է շենքը:
Լրագրողի սպանությունը սաուդական կառավարությունը հաստատեց միայն անցած շաբաթավերջին: Ըստ այդ երկրի պաշտոնական վարկածի՝ Հաշոգին սպանվել է ծեծկռտուքի հետևանքով: Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ լրագրողի սպանության գործով 18 հոգի ձերբակալվել է, 2 հոգի պաշտոնանկ արվել:
Թուրքիայի առաջնորդը, հակադարձելով Էր-Ռիյադի պաշտոնական վարկածին, այսօր հայտարարել է՝ Հաշոգիի դաժան սպանությունը մանրակրկիտ պլանավորվել է: Էրդողանի խոսքերով Սաուդյան Արաբիայից հերթով Ստամբուլ են ժամանել 3-9 հոգուց՝ այդ թվում սաուդցի բարձրաստիճան զինվորականներից բաղկացած երեք խմբեր և իջևանել հյուրանոցում: Հաջորդ օրը, ըստ Էրդողանի սաուդցիների խմբերը այցելել են հյուպատոսարանի տարածք, Բելգրադ կոչվող անտառ, ինչպես նաև Յալովայի շրջան: Թուրք իրավապահները վերջին օրերին հենց այս վայրերում են փնտրում Հաշոգիի մարմինը: Սաուդցիների խմբերը հոկտեմբերի 3-ին լքել են երկիրը: Լրագրողի անհետացումից հետո պարզվել է, որ հյուպատոսարանի ներսում տեղադրված տեսախցիկները չեն աշխատում:
Նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի հետ մի շարք սկզբունքային հարցերում հակընդդեմ դիրքորոշումն ունեցող Թուրքիայի առաջնորդը այսօր շեշտել է՝ կարևոր է փաստը, որ թագավորությունը ի վերջո պաշտոնապես խոստովանեց Հաշոգիի մահը:
«Բայց Թուրքիան դեռ հարցեր ունի», - ասել է Էրդողանը և թվարկել․ - «Ինչո՞ւ այդ 15 հոգին նախօրոք ժամանեցին Ստամբուլ, ումից են հրաման ստացել, ինչո՞ւ անմիջապես թույլ չտվեցին խուզարկել հյուպատոսարանը, և վերջապես՝ ուր է Հաշոգիի մարմինը»:
Էրդողանը խոստացել է չլռել հետաքննության արդյունքների մասին, բայց մտադիր է սպասել քննիչների վերջնական եզրակացությանը:
էրդողանի ելույթին զուգահեռ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում մեկնարկում էր միջազգային խոշոր ներդրումային համաժողով, որը, լրագրողի սպանության պատճառով բոյկոտել են տասնյակ համաշխարհային ընկերություններ՝ այդ թվում Google-ը, Uber-ը, օտարերկրյա պաշտոնյաներ, խոշոր գործարարներ: