Մատչելիության հղումներ

Նոր Հայաստանում յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր տիեզերքի մասշտաբը, հաջողության սահմանը. Նիկոլ Փաշինյան


Հեղափոխության առաջին և ամենակարևոր ձեռքբերումն ազատությունն է, այսօր իր ելույթում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ՏՏ ոլորտի մրցանակին արժանացած ուսանողների պարգևատրման արարողությունից հետո։

Արդի աշխարհում առանց քաղաքական, տնտեսական ու մտավոր ազատության առաջընթաց ապահովելը, ինչպես վարչապետի պաշտոնակատարն ասաց, դարձել է գրեթե անհնար։

«Մարդու հաջողության գործում ամենակարևոր բաղադրիչը, որ գոյություն ունի ազատության պայմաններում, հետևյալն է, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է զբաղվի ինքն իրենով։ Ազատության պայմաններում յուրաքանչյուր մարդու հաջողության ամենամեծ գրավականը հենց ինքը՝ մարդն է։ Ազատությունը հենց սրանով է ազատություն, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ իր ջանքով, իր աշխատասիրությամբ, իր սկզբունքայնությամբ, իր մղումով, իր ցանկությամբ, միջավայրի իր ընկալմամբ և գնահատմամբ, ուրիշների նկատմամբ իր հարգանքով, յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչքան ինքը պետք է հաջողի, մինչև ուր պետք է ինքը հաջողի, ընդ որում սա վերաբերում է առանց բացառությամբ բոլոր ոլորտներին՝ սկսած գիտությունից, շարունակած քաղաքականության, տնտեսական գործունեությամբ», - ասաց Փաշինյանն, ընդգծելով՝ սա չի նշանակում, թե պետությունը որևէ անելիք չունի։

«Պետության թիվ մեկ անելիքը հնարավորություններ ստեղծելն է՝ հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլորի համար առաջին հերթին, և հետո արդեն հնարավորությունների այդ նշաձողը քայլ առ քայլ բարձրացնելն է նոր մակարդակի», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Կասկածի տակ չառնելով մրցանակի արժանացածների տաղանդը, Փաշինյանը շեշտեց՝ որևէ մեկը չի կարող ասել, որ մեր երկրի աշակերտների և ուսանողների տաղանդի շրջանակը սահմանափակվում է այսօրվա մրցանակակիրներով։

«[Մրցանակակիրների] առանձնահատկությունն, իմ կարծիքով, հետևյալն է, առաջինը՝ որոշում են կայացրել զբաղվել իրենք իրենցով, որոշում են կայացրել, որ իրենք ուզում են ունենալ այսպիսի հաջողություն, և իրենք այդ որոշման կայացման իրականացման գործում եղել են առավել սկզբունքային, առավել հետևողական, առավել աշխատասեր և առավել սկզբունքային։ Նոր Հայաստանում հենց սա է հաջողության գրավականը։ Նոր Հայաստանում հաջողության գրավականը այն չէ, թե ով ում բարեկամն է, ով ում հետ ավելի երկար, կամ հաճախ շփվելու հնարավորություն ունի, կամ ով ում ինչպես է վերաբերվում։ Նոր Հայաստանում ազատության պայմաններում մարդն ինքն է որոշում իր հաջողության սահմանը, իր տիեզերքի մասշտաբը, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինքը որտեղ պետք է կանգնի, որտեղ է ինքը հոգնել և որտեղ ինքը պետք է շարունակի նոր եռանդով։ Սա է ամենակարևոր առանձնահատկությունը նոր Հայաստանում յուրաքանչյուր մարդու ազատության համար», - ասաց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր մրցանակակիրներին, որ «նրանք կայացրել են այդ որոշումը և բավարար ջանք են գործադրել այդ որոշումն ի կատար ածելու համար»։

«Կոչ եմ անում երբեք ու երբեք չկանգնել ոչ մի արգելքի, խոչընդոտի առաջ», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Այս տարի «ՏՏ ոլորտում ՀՀ պետական կրթական մրցանակ»-ին արժանացավ 25 ուսանող և 18 աշակերտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG