Մատչելիության հղումներ

Չինաստանում բացել են ծովի վրայով կառուցված ամենաերկար կամուրջը


Հոնկոնգ-Ժուժայ-Մակաո կամուրջը, 22-ը հոկտեմբերի, 2018թ.
Հոնկոնգ-Ժուժայ-Մակաո կամուրջը, 22-ը հոկտեմբերի, 2018թ.

Չինաստանում տեղի է ունեցել ծովի վրայով կառուցված աշխարհում ամենաերկար կամրջի բացումը: 55-կիլոմետրանոց կամրջի շինարարությունը տևել է տասը տարի:

Բազմաթիվ հարակից ճանապարհներով, կամարներով, ստորգետնյա և ստորջրյա թունելներով այդ կամուրջը միմյանց է կապում երեք առափնյա քաղաքներ՝ Հոնկոնգը, Ժուժայը և Մակաոն:

Կամրջի բացման հանդիսավոր արարողությանը Ժուժայում ներկա է եղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

Չինացի մասնագետները հավաստիացնում են, որ կամուրջը կդիմանա հզոր երկրաշարժերին, թայֆուններին և ցունամիներին:

Այն կառուցելու համար օգտագործվել է 400 հազար տոննա պողպատ, ինչը բավական կլիներ 60 Էյֆելյան աշտարակ կառուցելու համար: Ամբողջ ծրագրի արժեքը կազմել է 20 միլիարդ դոլար:

Շինարարության ընթացքում զոհվել է 18 բանվոր, ևս հարյուրավոր աշխատողներ տարբեր տարիների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով վնասվածքներ են ստացել:

Վաղվանից Հոնկոնգ-Ժուժայ-Մակաո կամուրջն արդեն բաց կլինի երթևեկության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG