Մատչելիության հղումներ

Ըստ Ավինյանի և Մեջլումյանի պայմանավորվածության, Ալավերդու պղնձաձուլարանը առնվազն մեկ տարվա ընթացքում չի փակվի


Այսօր կայացած հանդիպմանը փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահը պայմանավորվել են, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը առաջիկա մեկ տարվա ընթացքում գործարանը չի փակվի։

Մինչդեռ երեք օր առաջ փակված Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանը տեղի «Անկյուն գումարած երեք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում գործազուրկ դառնալու վտանգի առաջ կանգնած ավելի քան 500 աշխատակիցներին կոչ է արել լինել զգոն և սթափ։

«Մեր ձեռքերով պահենք, շենացնենք մեր տունը, թույլ չտանք, որպեսզի կողքից որևէ մեկը քանդի մեր տունը։ Ես խնդրում եմ՝ դուք լինեք զգոն, դուք լինեք սթափ, և ամենակարևորը՝ սիրեք ձեր գործարանը», - ասել է Մեջլումյանը:

Անցած շաբաթվա ընթացքում կառավարության անդամների հետ տեղի ունեցած բանակցություններից հետո ընկերությունը որոշեց դադարեցնել գործարանի աշխատանքն ու հայտարարեց, որ ընկերության համար ստեղծված պայմաններում հնարավոր չէ շարունակել արտադրությունը։

«Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող պղնձաձուլարանը գրավադրված է ռուսաստանյան ՎՏԲ բանկում, և ի սկզբանե ընկերությունը հայտարարել էր, որ հնարավոր է Ալավերդու գործարանն անցնի ՎՏԲ-ին։

Այսօր էլ գործարանի տնօրենը հայտարարում է, որ այդ վտանգը դեռևս կա․ - «Հաշվի առնելով, որ ընդամենը ամիս, ամիսուկես առաջ արդեն իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ը փաստացի անցել է բանկի տիրապետության տակ, այդ վտանգը շատ մոտ ապագայում սպառնում է նաև Ալավերդու պղնձաձուլական գործարանին»:

Դեռ այս ամսվա սկզբում ընկերությունը պահանջներ էր ներկայացրել կառավարությանը՝ արտանետվող ծծմբային անհիդրիդի օրենքով սահմանված տարեկան 5 հազար 600 տոննա թույլատրելի սահմանաչափի փոխարեն իրենց թույլ տալ արտանետել տարեկան մինչև 40 հազար տոննա՝ թույլատրելի նորմը խախտելով յոթ անգամ։

Արդեն 20 տարի Ալավերդիում հնագույն տեխնոլոգիաներով սև պղինձ արտադրող գործարանի ղեկավարությունը չի թաքցնում, որ անցած տարիներին որևէ լուրջ ներդրում չեն արել արտադրությունն արդիականացնելու ուղղությամբ:

Այսօր ևս գործարանի տնօրեն Լուսինե Մեջլումյանը հայտարարում է, որ բնապահպանական խախտումները նվազեցնելու որևէ հնարավորություն չունեն․ - «Մենք երբևէ չենք էլ թաքցրել, որ սահմանային թույլատրելի նորմաները մենք գերազանցում ենք, պարզապես դա հնարավոր չէ չգերազանցել։ Վերջին տարիներին որևէ լուրջ ներդրում մենք չենք ունեցել: Մենք մեր ներդրումներն արել ենք զուտ եղած արտադրական հզորությունները աշխատանքային ռեժիմում պահելու համար», - մանրամասնել է նա:

Արդեն երկու շաբաթ կառավարության հետ բանակցություններում քննարկվում են նաև «Էյ-Սի-Փի» ընկերության և ՎՏԲ բանկի հետ հարաբերություններում որպես միջնորդ հանդես գալու հարցը։ Լուսինե Մեջլումյանը 50 տոկոսով ընկերության սեփականությունը հանդիսացող «Անկյուն գումարած երեք»-ին հարցազրույցում ասել է, որ հանիրավի հավատացել են բանկի ղեկավարների ազնվությանը՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։

Այժմ ընկերությունը կառավարությունից ակնկալում է լուծումներ գտնել գործարանը ՎՏԲ-ին անցնելու գործընթացը կանգնեցնելու ուղղությամբ․ - «Խնդրում ենք օժանդակեք, միջնորդեք, օգնեք, առնվազն՝ մի՛ խանգարեք։ Սա է ամբողջը»։

Անցած շաբաթավերջին կառավարության պաշտոնական էջում հրապարակված տեղեկության համաձայն, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի «լուծումներ է փնտրում՝ գործարանի աշխատանքը չդադարեցնելու նպատակով»: Ուրբաթ օրը Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ շեշտել էր, որ անկախ իրավիճակի հանգուցալուծումից, անհրաժեշտ է մարզերի զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստող գործողություններ իրականացնել։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատությանն» այսօր ասաց, որ բանակցությունները դեռ շարունակվում են, և հավանական է, որ համաձայնություն ձեռք բերվի գործարանը վերջնականապես չփակելու համար․ - «Կան տարբերակներ, որոնք որ մի փոքր հուսադրող են։ Կա տարբերակ, որպեսզի Ալավերդու գործարանը շարունակի աշխատել։ Կոմպրոմիսային տարբերակ՝ սեփականատիրոջ և կառավարության միջև որոշակի բանակցությունների արդյունքում գալ ինչ որ անցումային, կոմպրոմիսային տարբերակի, որ այս պահին գոնե գործարանը աշխատի, չփակվի»:

Քիչ առաջ տեղեկացանք, որ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում գործարանը չի փակվի։

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

XS
SM
MD
LG