Մատչելիության հղումներ

Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին


Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության
Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկային։

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Մնացականյանը շնորհավորել է Միխալկային պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր առաքելության մեջ։

Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր օրակարգն ու նախատեսվող քայլերը:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներին, մտքեր փոխանակել հատուկ ներկայացուցչի գրասենյակի հետ համագործակցության հեռանկարների շուրջ:

Զրուցակցի խնդրանքով Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով, որ ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարությունը շարունակում է բարեփոխումների գործընթացը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության և արդարադատության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար պայմանների ապահովմանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է արտահերթ ընտրությունները միջազգային չափանիշների համապատասխան անցկացնելու Հայաստանի իշխանությունների հանձնառությունը: Այս առումով նա կարևորել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և միջազգային այլ կառույցների հետ համագործակցությունը:

Ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Այս առումով արտգործնախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է անվտանգության և խաղաղության մթնոլորտի ձևավորումը, «շեշտելով, որ մեր միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին և ավելացնում անկայունության վտանգները», ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG