Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը լքում է սպառազենի կրճատման ռուս-ամերիկյան պայմանագիրը


ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչևը և Ռոնալդ Ռեյգանը փոխանակում են գրիչները, որոնցով կնքել են միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 8 դեկտեմբերի, 1987թ.
ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչևը և Ռոնալդ Ռեյգանը փոխանակում են գրիչները, որոնցով կնքել են միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 8 դեկտեմբերի, 1987թ.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անցած շաբաթ օրը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալու միջին և փոքր հեռահարության հրթիռների կրճատման ռուս-ամերիկյան պայմանագրից:

«Ռուսաստանը խախտում է պայմանագիրը, նրանք տարիներ շարունակ են այն խախտել, չեմ հասկանում, ինչու նախորդ նախագահ Բարաք Օբաման այդ հարցի շուրջ չի բանակցել, կամ դուրս չի եկել պայմանագրից: Մենք ռուսներին թույլ չենք տա խախտել և ստեղծել պայմանագրով արգելված զինատեսակներ», - ասել է Թրամփը:

«Մենք ենք այն կողմը, որը հարգել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, իսկ Ռուսաստանը չի հարգել, ուրեմն մենք դուրս ենք գալիս այդ պայմանագրից», - հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Նա հավելել է, որ Ամերիկան կստեղծի միջին հեռահարության հրթիռներ: Դա, ըստ Թրամփի, տեղի չի ունենա, «եթե ռուսներն ու չինացիները գան ու ասեն, թե իսկապես պետք է կանխել սպառազինությունների մրցավազքը և հրաժարվել այդ հրթիռների ստեղծումից»․ - «Ես շատ երջանիկ կլինեմ այդ դեպքում, բայց քանի դեռ որևէ մեկը խախտում է պայմանագիրը, մենք չենք լինի միակ կողմը, որը դրան հավատարիմ կմնա, կարծում եմ, հասկանում եք մեզ»:

Այսօր Մոսկվայում է նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Նա արդեն հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, զրուցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ռուսները պարզաբանումներ են սպասում նրանից:

«Այս հարցում ցանկացած գործողությանը կհաջորդի հակագործողություն, որովհետև ռազմավարական կայունությունը միայն հավասարության պայմաններում է լինում և այն անպայման կապահովվի», - ասել է Լավրովը:

Ենթադրվում է, որ Ջոն Բոլթոնին Կրեմլում կընդունի նաև Ռուսաստանի նախագահ Պուտինը:

Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը 1987 թվականի դեկտեմբերի 8-ին կնքել են Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչյովը և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Այն ուժի մեջ է մտել 1988 թվականի հունիսի 1-ին:

Կողմերը պարտավորվել են ոչնչացնել, հետագայում չստեղծել և չփորձարկել ցամաքային տեղակայման միջին և փոքր հեռահարության բոլոր միջմայրացամաքային և թևավոր հրթիռները:

Միջին հեռահարությունը 1000-5000 հազար կիլոմետր է, իսկ փոքրը՝ 500-1000:

Կողմերը պարտավորվել էին նաև 3 տարում ապամոնտաժել և ոչնչացնել այդ հթիռների արձակման կայանները։

Երեք տասնամյակ շարունակ պայմանագիրը համարվել է միջուկային առճակատումը կանխելու և համաշխարհային կայունությունն ապահովելու հիմքերից մեկը:

Ամերիկան Ռուսաստանին մեղադրել է պայմանագիրը խախտելու համար, երբ բացահայտվել է Ռուսաստանում 9M729 կոդային անվանմամբ հրթիռ ստեղծելու ծրագիրը:

Ըստ ԱՄՆ-ի, այդ հրթիռի տեխնիկական տվյալները հակասում են պայմանագրին: Ռուսները, մինչդեռ, պնդում են, որ հակասություն չկա:

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ պայմանագրից Ամերիկայի դուրս գալը Մոսկվային կստիպի ընդունել պատասխան միջոցներ․ - «Մենք կտրականապես հերքում ենք Ռուսաստանին հասցեագրված մեղադրանքը: Ռուսաստանը հավատարիմ էր և մնում է հավատարիմ պայմանագրին»:

Թրամփն իր մեկնաբանություններում անդրադարձել է նաև Չինաստանին: Փորձագետների համոզմամբ, չինացիները վերջին տարիների ընթացքում ստեղծել են և արդեն զինված ուժերին են փոխանցել ռուսների և ամերիկացիների սպառազենին չզիջող հրթիռներ:

Թրամփի հայտարարությանն այսօր արձագանքել է նաև Պեկինը: «Չինաստանին մեղադրելու և միակողմանի վճիռներ կայացնելու Ամերիկայի որոշումը մեծ սխալ է․ չի կարելի հրաժարվել երկար տարիների աշխատանքի շնորհիվ ձեռք բերված նվաճումից: Շահագրգիռ բոլոր կողմերը պետք է բանակցություններով լուծեն այս հարցը», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Հուա Չունյինգը:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը ռուսներին և ամերիկացիներին կոչ է արել շարունակել երկխոսությունը և պահպանել պայմանագիրը, որը վճռական նշանակություն ունի Եվրոպայի և ամբողջ աշխարհի անվտանգության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG