Միխայիլ Գորբաչովը սխալ է համարում «սառը պատերազմի» տարիներին կնքված ռուս-ամերիկյան պայմանագիրը լքելու մասին Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը: Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահը շեշտել է՝ Դոնալդ Թրամփի այդ որոշումը կարող է փոխել աշխարհում միջուկային զինաթափման քաղաքականությունը:
Միացյալ Նահանգների նախագահը նախօրեին հայտարարել է, թե մտադիր է չեղարկել 1987 թվականին Ռոնալդ Ռեյգանի և Միխայիլ Գորբաչովի միջև կնքված կարճ և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագիրը, պնդելով, թե Ռուսաստանը խախտում է պայմանագրի դրույթները: «Ռուսաստանը խախտել է այդ համաձայնագիրը: Մենք թույլ չենք տա, որպեսզի նրանք խախտեն միջուկային համաձայնագիրը և ստեղծեն այնպիսի զենք, որը մեզ արգելված է ստեղծել», - ասել է Թրամփը:
Պայմանագիրը կոչված է նպաստելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պաշտպանությանը Եվրոպայում և Հեռավոր Արևելքում: Կողմերը նաև պարտավորվել են չարտադրել ու չփորձարկել միջին և փոքր հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, բացի այդ՝ երեք տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։
«Որևէ կերպ չի կարելի խզել զինաթափման մասին հին համաձայնագրերը: Մի՞թե դժվար է հասկանալ, որ այդ համաձայնությունից հրաժարվելը, ինչպես ժողովուրդն է ասում, շատ խելք ունենալու արդյունք չէ: Պայմանագրից հրաժարվելը սխալ է», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում պնդել է ավելի քան երեք տասնամյակ առաջ այդ փաստաթուղթը ստորագրած Գորբաչովը և կոչ արել համաշխարհային առաջնորդներին չաջակցել պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշմանը:
«Միջուկային զինաթափմանը և միջուկային զենքի սահմանափակմանն ուղղված բոլոր համաձայնագրերը պետք է պահպանել հանուն Երկրի վրա կյանքի պահպանման», - հավելել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը:
Պաշտոնական Մոսկվան «շանտաժ» է անվանել ԱՄՆ նախագահի հայտարարությունը: Ռուսաստանի արտգործնախարարությունը Նահանգներից հնչող մեղադրանքները որակել է «մտացածին» և սպառնացել «պատասխան քայլեր ձեռնարկել՝ այդ թվում ռազմատեխնիկական բնույթի», փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:
Ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ՝ Սպիտակ տան ղեկավարի այդ որոշման գլխավոր պատճառը Ռուսաստանի կողմից Եվրոպայում միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ փոքր հեռահարության հրթիռների տեղակայումն է:
Շուրջ երկու շաբաթ առաջ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպմանը Մոսկվայի այդ գործողությունները անընդունելի է համարել: Նա զգուշացրել է, որ եթե Մոսկվան չփոխի իր վարքագիծը, ապա Վաշինգտոնը ստիպված կլինի ռուսական հրթիռներին համարժեք հակակշիռ ստեղծել:
Հրթիռային պայմանագիրը Մոսկվայի կողմից խախտելու մտահոգություններ ուներ նաև ամերիկյան նախկին վարչակազմը: Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբաման, սակայն, հետևելով եվրոպական երկրների ղեկավարների, մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խորհրդին, հրաժարվել է պայմանագրից դուրս գալու մտադրությունից՝ առաջին հերթին հնարավոր սպառազինությունների մրցավազքից խուսափելու համար: