Մատչելիության հղումներ

Երևանի 2800-ամյակի միջոցառումների համար ծախսվելու է ավելի քան 250 մլն դրամ


Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տոնական միջոցառումների համար հատկացվող գումարի հստակ չափը կհրապարակվի մոտ օրերս։ Փոխքաղաքապետը հավելեց, որ այն կազմում է 250 մլն-ից ավելի:

«Այն ներառում է բոլոր բեմահարթակները, համապատասխան հյուրերի այցերը և այլն», - մանրամասնեց Սուքիասյանը:

«Ազատության» հարցին, թե նախորդ տարվա համեմատ ծախսերը նվազե՞լ են, թե աճել, քաղաքապետի տեղակալն ասաց՝ գրեթե նույնն է, թեև նշեց՝ միջոցառումների զգալի մասը կրճատվել է, քանի որ դրանք ծախսատար են եղել:

«2800-ամյակին նախատեսված էին բազմաթիվ ծավալուն միջոցառումներ, որոնց զգալի հատվածն, այո, կրճատվել են։ Կրճատվելու պատճառը հիմնականում եղել է քաղաքական խնդիրները, դրան հաջորդած ընտրությունները, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի պես ծավալուն և պատասխանատու միջոցառման առկայությունը Երևանում։ Որպես համապետական միջոցառում՝ Ֆրանկոֆոնիան ավելի կարևորվեց։ «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը նախապես պետք է լիներ սեպտեմբերի 29-30, սակայն հետաձգվեց մինչև հոկտեմբերի 21-ը։ Այս մեկ ամսվա շարժը որոշակի ծրագրեր օրակարգից դուրս մղվեցին այն պարզ պատճառով, որ մեր մի շարք հյուրեր պետք է գային և մասնակցեին մի շարք կոնֆերանսներին, որոնք նախատեսված էին և, ի դեպ, ծախսատար էին, սակայն այս ժամանակաշրջանի համար տվյալ հեղինակավոր անձինք քիչ հավանական է, որ մասնակցություն կունենային», - նշեց փոխքաղաքապետը:

Տոնական միջոցառումների անցկացման նպատակով սահմանված կարգով իրականացված գնման ընթացակարգով կնքվել է 5 պայմանագիր, որոնք ներառում են համերգային միջոցառումների անցկացում: Համաձայն պայմանագրերի ծախսվելու է ընդհանուր առմամբ 252,370.513 ՀՀ դրամ գումար։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեցին Երևանի քաղաքապետարանից։

Ինչ վերաբերում է միջոցառումների կրճատմանը՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին. - «Ինչ վերաբերում է տարվա կտրվածքով նախատեսված գումարների կրճատմանը և դրանով պայմանավորված միջոցառումների կրճատմանը նույնպես, ապա ընդհանուր առմամբ տոնական միջոցառումները բովանդակային առումով չեն տուժելու, իսկ կապված տարվա ընթացքում իրավիճակի փոփոխության, քաղաքային ընտրությունների, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հետ, ծրագրված մի շարք միջոցառումներ չեն իրականացվել, իսկ որոշներն էլ ժամանակագրական և նախահաշվային արժեքների առումով կրել են փոփոխություններ, որի արդյունքում հստակեցվել է նաև կոնկրետ տոնական օրվա ժամանակ միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև ծախսվող գումարի չափը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG