Մատչելիության հղումներ

Իսլամիստները ավելի քան 200 գրոհ են իրականացրել Աֆղանստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ


Աֆղանստանում երեկ մեկնարկած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծայրահեղ իսլամիստները շուրջ 200 հարձակում են իրականացրել: Աֆղանական լրատվամիջոցների տվյալներով սպանվել է առնվազն 50 մարդ, ավելի քան 200 մարդ վիրավորվել է:

Associated Press-ը փոխանցում է, որ այսօր տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 6 երեխա:

Հարձակումների հետևում, ըստ տեղական իշխանությունների, կանգնած է «Թալիբան» շարժումը:

Աֆղանստանի ներքին գործերի նախարար Վայս Ահմեդ Բարմաքը հայտարարել է, որ հարձակումների մեծ մասն իրականացվել է ընտրատեղամասերում:

Այսօր Աֆղանստանի 401 ընտրատեղամասերում քվեարկությունը շարունակվում է: «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության փոխանցմամբ կիրակի առավոտյան դրությամբ ինը միլիոն ընտրողների մեկ երրորդը արդեն քվեարկել էր: Ընտրողների ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է մայրաքաղաք Քաբուլում:

Ըստ պաշտոնական աղբյուրների քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 1-ից ոչ շուտ, վերջնականը՝ դեկտեմբերին:

Աֆղանստանի խորհրդարանի 249 մանդատների համար պայքարում է 2500 թեկնածու՝ այդ թվում ավելի քան 400 կին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG