Մատչելիության հղումներ

Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետի, խորհրդարանի խոսնակի հետ


Նիկոլ Փաշինյանի և Սաադ Հարիրիի հանդիպումը, լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի
Նիկոլ Փաշինյանի և Սաադ Հարիրիի հանդիպումը, լուսանկարը՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմի լրատվականի

Լիբանան աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրիի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ:

Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սաադ Հարիրիի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: «Սա իմ առաջին այցելությունն է եղբայրական Լիբանան՝ հնագույն քաղաքա­կրթու­թյունների պատմությամբ լի մի երկիր: Վստահ եմ, որ այս այցը լավագույնս կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ քննարկմանը: Անշուշտ, մեր երկրների միջև կապերի խորացման և ամրապնդման գործում իր զգալի ներդրումն է ունեցել նաև Ձեր հայրը՝ երջանկահիշատակ Ռաֆիկ Հարիրին, ով Հայաստանի մեծ բարեկամն էր», - ասել է նա:

Հարիրին նշել է, որ Լիբանանը բարձր է գնահատում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը և շահագրգռված է դրա հետագա ամրապնդմամբ: Նա կարևորել է լիբանանահայ համայնքի դերակատարումը Լիբանանի զարգացման, ինչպես նաև հայ-լիբանանյան կապերի խորացման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների ներքաղաքական ընթացիկ իրավիճակի շուրջ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած համաժողովրդական գործընթացներին, ներկայացրել դրանց արդյունքում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները, ներկայիս գործընթացները և սպասվող զարգացումները:

Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և պետք է ակտիվ աշխատել տնտեսական բաղադրիչը ևս այդ նշաձողին հասցնելու ուղղությամբ: Այս առումով զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության աշխուժացումը: Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման, ներդրումների պաշտպանության պետական երաշխիքների ապահովման նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և առաջարկել է կազմակերպել լիբանանյան գործարար շրջանակների այց Հայաստան` պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով:

Կողմերը քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընթացքից, որի դրական տեմպին նպաստել է նաև երկու երկրների միջև ուղիղ օդային հաղորդակցությունը: Նիկոլ Փաշինյանը ողջունել և կարևորել է լիբանանյան ընկերությունների հետաքրքրվածությունը Հայաստանում ներդրումներ կատարելու և Հայաստանի միջոցով երրորդ շուկաներ մուտք գործելու հարցում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կառույցներում հայ-լիբանանյան արդյունավետ համագործակցության, տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ:

Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:

Նաբիհ Բըրիի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Լիբանանը, ինչպես պատմության ողբերգական պահերին, այնպես էլ այսօր Հայաստանի կողքին է՝ իր նպաստը բերելով Ցեղասպանության հանցագործության դատապարտմանը:

Հանդիպման մասնակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ընդլայնումը և բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը: Լիբանանի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է Լիբանանի համար դառնալ պատուհան դեպի Եվրոպա, իսկ Լիբանանը Հայաստանի համար` պատուհան դեպի Մերձավոր Արևելք, և պետք է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ կոնկրետ արդյունքներ արձանագրելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրներում ընթացիկ քաղաքական իրավիճակի և զարգացումների շուրջ:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը այսօր ավելի վաղ հանդիպել էր Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG