ԱՄՆ արդարադատության նախարարությունը նոյեմբերին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քարոզարշավին միջամտելու համար մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի քաղաքացի 44-ամյա Ելենա Խուսյանովայի նկատմամբ, ով, ինչպես հաղորդվում է, կապված է սոցցանցերի կեղծ օգտատերերի (troll) այսպես կոչված «ֆաբրիկայի» հետ:
Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող Եվգենի Պրիգոժինի կողմից ստեղծված ընկերություններից մեկում աշխատող Խուսյանովան, ըստ մեղադրանքի, մասնավորապես համակարգել է ամերիկյան ակտիվիստների ֆինանսավորման, սոցիալական ցանցերում գովազդների տեղադրման, սոցիալական ցանցերում լրատվական նյութերի տարածման հարցերը, որոնց նպատակը, ինչպես նշվում է, «ԱՄՆ-ի դեմ տեղեկատվական պատերազմ» վարելն է:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ այդ նպատակով տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել 2016 թվականի հունվարից մինչև 2018-ի հունիս: «Այդ ջանքերը պետք է թուլացնեին վստահությունը ոչ միայն թեկնածուների և ընտրական մարմինների, այլև ընդհանուր ամերիկյան քաղաքական համակարգի նկատմամբ», - նաև նշվում է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքէջում հրապարակված փաստաթղթում: