Մատչելիության հղումներ

Թրամփ. «Կարծում եմ, Խաշոջին ողջ չէ, դա շատ տխուր է»


Թուրք քննիչները խուզարկություն են անցկացնում, փորձելով պարզել սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հանգամանքները, Ստամբուլ, 18 հոկտեմբերի, 2018թ.
Թուրք քննիչները խուզարկություն են անցկացնում, փորձելով պարզել սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հանգամանքները, Ստամբուլ, 18 հոկտեմբերի, 2018թ.

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանը որևէ կերպ չի անդրադառնում ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման կապակցությամբ հյուպատոսարանի տարածքում թուրք քննիչների անցկացրած խուզարկությանը, Թուրքիայում, Արևմուտքում և ամբողջ արաբական աշխարհում հրատապ համարվող այդ առեղծվածին:

Մինչդեռ, նախագահ Դոնալդ Թրամփն արդեն խոստովանել է, որ, ինչպես երևում է, Խաշոջին սպանել են:

«Այո, ինձ այդպես է թվում: Կարծում եմ, Խաշոջին ողջ չէ, դա շատ տխուր է, շատ․․․ Բայց հիմա սպասում ենք հետաքննության արդյունքներին», - ասել է նախագահը:

Նրա փոխանցմամբ՝ կախված պատասխանից, Սպիտակ տան արձագանքը կարող է շատ խիստ լինել:

Միաժամանակ ԱՄՆ ղեկավարությունը նշում է, որ Վաշինգտոնի համար չափազանց կարևոր են հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ:

Էներգակիրների հսկայական պաշարներ ունեցող երկիրը 1932 թվականից ԱՄՆ-ի դաշնակիցն է տարածաշրջանում և հիմա էլ Իրանի մրցակիցն է:

Երեկ Թրամփն ասել է, որ սաուդցիները Ամերիկայից գնելու են 450 միլիարդ դոլարի սարքավորումներ և այլ արտադրանք, իսկ զենքի և զինամթերքի պատվերը հասնում է 110 միլիարդ դոլարի:

Տնտեսագետների կարծիքով, 560 միլիարդ դոլարը միջազգային առևտրում նախադեպը չունեցող աստղախաբաշխական թիվ է, որը չի ցանկանա անտեսել որևէ պետության ղեկավար:

Ըստ վերլուծաբանների, որքան էլ անընդունելի է և աղաղակող բարձրաստիճան պաշտոնյայի պատվերով լրագրողին սպանելու, ընդ որում՝ տանջամահ անելու հանգամանքը, Վաշինգտոնը պետք է փորձի ընտրել այնպիսի քայլեր, որոնք չեն վտանգի դաշնակցի հետ հարաբերությունները: Եվ դա, թերևս, հենց Էր Ռիադում են գիտակցում:

Թրամփի կարգադրությամբ տարածաշրջան գործուղված պետքարտուղար Մայք Փոմփեոն Էր Ռիադուտմ հանդիպել է թագավոր Սալմանի և թագաժառանգ Մուհամադ բին Սալմանի հետ, իսկ Անկարայում հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Փոմեոն արդեն վերադարձել է Վաշինգտոն և զեկուցել է ուղևորության արդյուքների մասին:

«Ես այսօր առավոտյան ասել եմ նախագահ Թրամփին, որ հարկ է ևս մի քանի օր տալ սաուդցիներին, որ նրանք կարողանան ստուգել փաստերը: Մեզ նույնպես մի քանի օր է պետք տեղի ունեցածի մասին ամբողջական պակերացում ստանալու և մեր պատասխանը մշակելու համար», - ասել է պետքարտուղարը:

Թագավորն ու նրա զավակը կտրականապես հերքում են մեղադրանքը, սակայն արդեն շրջանառվում են տեղեկություններ, որոնց համաձայն, Սաուդյան Արաբիան գուցե կհայտարարի, թե լրագրողին իսկապես սպանել են և դա, իբր, կազմակերպել է իշխանության հետ կապերը խզած ու լուսանցք մղված որևէ նախկին բարձրաստիճան զինվորական:

Մինչդեռ թուրք քննիչները շարունակում են որոնել Հաշոգիի դին կամ դրա մասնատված մնացորդները:

Այսօր որոնումն իրականացվում է երկու ուղղությամբ՝ Ստամբուլի արվարձանին մոտ գտնվող «Բելգրադ» անվամբ անտառում և Ստամբուլից 90 կիլոմետր հարավ գտնվող Յալովա ավանում, որը Մարմարայի ծովի ափին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG