Մատչելիության հղումներ

Մերկելը կմասնակցի Սիրիայի հարցով Ստամբուլում անցկացվելիք գագաթնաժողովին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կմասնակցի Ստամբուլում նախատեսված Սիրիայի հարցով գագաթնաժողովին: Այս մասին հայտարարել է գերմանական կառավարության խոսնակը:

Մերկելի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ քննարկումների թեման Իդլիբն է, Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սոչիում ձեռք բերված համաձայնությունների իրականացումը, նաև նշել է գերմանական կանցլերի խոսնակը:

Անցած սեպտեմբերին Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են ապառազմականացված գոտիներ ստեղծել Իդլիբում, որը զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Սիրիայի վերջին շրջանն է: Հոկտեմբերի կեսերին սիրիական կառավարության հակառակորդները պետք է լքեին այդ տարածքը, սակայն պլանը ամբողջովին չի իրականացվել, քանի որ զինյալների մի մասը հրաժարվում են լքել Իդլիբը:

Ստամբուլյան գագաթնաժողովի նախաձեռնությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանինն է: Կողմերը այս ձևաչափով առաջին անգամ են հավաքվում Սիրիայի խնդրի շուրջ: Նախկինում Թուրքիան ձգտել է սիրիական հարցը քննարկել միայն Ռուսաստանի և Իրանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG