Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գերեվարել են շուրջ 700 հոգու, որոնք, ըստ նախագահ Պուտինի, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններից են:
Կրեմլի ղեկավարը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ պահանջներ են առաջ քաշում զինյալները։
«Նրանք վերջնաժամկետներ են առաջ քաշում, հստակ պահանջներ և նախազգուշացնում են, որ եթե դրանք չիրականացվեն, ապա օրական 10 մարդու կսպանեն: Նախանցած օրը սպանել են 10 հոգու», - հայտարարել է Պուտինը՝ ելույթ ունենալով Սոչիում անցկացվող «Վալդա»-ի համաժողովում:
Ռուսաստանի նախագահն ասել է, որ գերիների թվում կան նաև ԱՄՆ-ի և եվրոպական երկրների քաղաքացիներ՝ հավելելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ընդլայնում է իր ներկայությունն այն տարածքներում, որոնք վերահսկում է ԱՄՆ-ը և նրա աջակցությունը վայելող ուժերը:
Ռուսաստանը Սիրիայում ռազմական արշավ է իրականացնում 2015 թվականից՝ օգնելով երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին հաղթել արդեն յոթ տարի շարունակվող պատերազմում: