Մատչելիության հղումներ

Հարյուրավոր մարդիկ ցանկանում են որդեգրել Գյումրիում գտնված նորածիններին


Գյումրիի Ֆրիտյուֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկի տնօրեն Անահիտ Կարապետյանը պատմեց, թե որտեղից ու ինչ վիճակում են հայտնաբերել նորածին երկու երեխաներին․ - «Փոքրիկները հայտնաբերվել են երեկ երեկոյան մեր բակում: Նկատել է հաստատության պահակը»:

Նրա խոսքով՝ նորածինները բավական խնամված վիճակում էին:

Գիշերօթիկ հաստատությունից երեխաներին ժամեր անց տեղափոխել են Գյումրիի «Երեխաների տուն»: Նրանց վիճակը գնահատվել է բավարար, սակայն, ինչպես նշեց Երեխաների տան» տնօրեն Աննա Գևորգյանը, դեռ պետք է բժշկական հետազոտություն անցկացվի, որպեսզի երեխաների առողջական վիճակի մասին վերջնական եզրակացություն տրվի․ - «Զույգ երեխաներ են արական սեռի: Կազմակերպվել է մանկաբույժի կողմից զննում: Առաջին հայացքից և զննման արդյունքում վիճակը բավարար է, բայց դեռևս դա հիմք չի հանդիսանում, որ առողջության մասին վերջնական եզրակացություն տանք: Երեխաները դեռ պետք է անցնեն լաբորատոր հետազոտություններ, գործիքային հետազոտություններ»:

Լքված փոքրիկներին հեռվից կարողացանք նկարահանել: Նրանց լողացրել են, կերակրել: Դեռևս պարզված չէ հայտնաբերված երեխաները երկվորյակներ են, թե՝ ոչ: Նրանք, ըստ մասնագետների, 10-20 օրական են:

Երեխաների հարցերով Շիրակի մարզպետարանն է զբաղվում: Փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանն ասում, եթե երեխաների կենսաբանական ծնողները հայտնաբերվեն և ցանկանան նրանց ընտանիք վերադարձնել, դա նրանց համար հեշտ չի լինելու․ - «Որովհետև նախ պետք է հասկանանք պատճառը երեխաներին թողնելու․ եթե կա սոցիալական խնդիր, ապա լուծենք այդ սոցիալական խնդիրը, պետական մոտեցում ցուցաբերենք: Եթե կա հոգեբանական խնդիր՝ բարոյահոգեբանական մթնոլորտի ուղղությամբ աշխատանք տանենք և հետագայում նոր թույլ տանք երեխաներին վերադառնալու կամ ոչ»:

Փոքրիկներին հայտանաբերելուց հետո բավականին մեծ թվով մարդիկ են ցանկություն հայտնել որդեգրել նրանց: Սոֆյա Հովսեփյանն ասում է, որ նույնիսկ արտերկրից են զանգեր ստացել․ - «Այս պահին հարյուրից ավել դիմորդներ կան: Երեկվանից, այդ լուրի տարածումից անմիջապես հետո հայտնվել են որդեգիրներ: Անգամ շատերը եկել են, ասել են, որ բարեկամ են և այլն, որպեսզի երեխաների խնամակալությունը վերցնեն: Չափազանց մեծ պատրաստակամություն կա էդ երեխաներին պահելու, մեծացնելու, որովհետև լուրը իրապես շատ ցնցող էր բոլորի համար: Բացի մեր մարզից, որդեգրելու ցանկություն ունեն նաև Երևան քաղաքից, այլ մարզերից, անգամ Եվրոպային հետաքրքրվածություն արդեն կա»:

Նշենք, որ մարզի բուժհաստատություններից և ոչ մեկում այդ ընթացքում երկվորյակներ չեն ծնվել:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում և միջոցառումներ ձեռնարկվում երեխաների ծնողներին հայտնաբերման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG