Մատչելիության հղումներ

«A1+»-ը նվեր է պատրաստել Երևանի 2800-ամյակի կապակցությամբ


«Արարատի հայացքը»․ այս խորագրով ֆիլմ-էսսե է նկարահանել «A1+» հեռուստաընկերությունը: Երևանի 2800-ամյակին նվիրված ֆիլմի պրեմիերան տեղի կունենա վաղը «Մոսկվա» կինոթատրոնում:

Այսօր լրագրողների հետ ֆիլմի ստեղծագործական խմբի հանդիպման ժամանակ ֆիլմի ռեժիսոր, օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը շեշտեց, որ այս ֆիլմը կարող է համարվել ֆիլմ-էսսե, ֆիլմ-էտյուդ կամ ջազային իմպրովիզիա․ - «Ֆիլմը տրամադրություն ա ինքը: Մենք ունեցել ենք խնդիր՝ ֆիլմ-էտյուդ Երևանի մասին: Ինքը մի քիչ ստանդարտից դուրս ֆիլմ ա․․․ Սա նվեր է Երևան քաղաքին և երևանցիներին և էն մարդկանց, ովքեր սիրում են այս քաղաքը․․․ Խմբի առջև ամենակարևոր հարցն է եղել, որպեսզի [մարդիկ] հաճույք ստանան, ուզենեն գան, և վերադառնան, ովքեր որ գնացել են էս քաղաքից երևանցիները Ամերիկայում, Եվրոպայում, տարբեր տեղեր: Ցանկություն լինի վերադառնալու, թող վերադառնան»:

Ֆիլմի սցենարի հեղինակ Լիլիթ Բլեյանի խոսքով, իրենց ստեղծագործական խումբը որոշել է քաղաքին որպես նվեր այս ֆիլմը մատուցել․ - «Էնպիսի նվեր, որը ժամանակի մեջ չհնանա, որը կարողանա ինչ-որ արժեք փոխանցել: Եվ ամենակարևոր արժեքը մեր սերն է, որը մենք ունենք քաղաքի հանդեպ՝ անկախ բոլոր էն խնդիրներից, որ քաղաքը մեզ պարգևում է ամեն օր, անկախ էն խնդիրներից, որ մենք ենք ամեն օր ստեղծում մեր քաղաքի համար»:

Ֆիլմի համահեղինակ Ռուզան Մկրտչյանն ընդգծում է, որ մեկ տարվա ընթացքում նկարահանված այս ֆիլմը մտահղացվել է դեռ 7 տարի առաջ:

«Արարատի հայացքը» 35 րոպե տևողությամբ ֆիլմ-էսսեի տնօրեն Դավիթ Գրիգորյանն ասաց․ - «Այնպես է ստացվել, որ այս ֆիլմում հավաքվեցին էթնիկ երևանցիներ տարբեր սերունդների: Ամեն ինչ փորձել ենք անել հավեսով, մեկ շնչով, հաճելի, լուսավոր»:

Երևանի ու երևանցիների մասին վերջին տասնամյակներում բազմաթիվ ֆիլմեր, տեսահոլովակներ են նկարահանվել, երգեր են գրվել ու երգվել․ դրանք բոլորն էլ չափից դուրս լի են Երևանի հանդեպ սիրով: «Ազատության» հարցին, թե ինչով է առանձնանում այս ֆիլմը, ստեղծագործական խմբի անդամներներից Ռուզան Մկրտչյանը պատասխանեց․ - «Փորձել ենք ազնիվ լինել: Սա յոթ տարի առաջվա պատմություն էր, անընդհատ կար Երևանի մասին ֆիլմ նկարելու գաղափարը, և չէր նկարահանվում հենց այն պատճառով, որ չէր հավաքվում էն ազնիվ թիմը, որը կարող էր անել ոչ-կոմերցիոն ֆիլմ Երևանի մասին: Հետո այնպես ստացվեց, որ հավաքվեց»:

Լիլիթ Բլեյանը հավելեց․ - «Ֆիլմում կտեսնեք դուք էդ կասկածը, որովհետև մենք բոլորս միշտ ունենք: Էն երևանցիները, որոնք իրոք հոգնել են երկար տարիների ընթացքում ֆալշից․․․ երևի դա նաև օգնեց, որ մենք ընթացքում անընդհատ մեզ թույլ տանք բառերից հնարավորինս հրաժարվել, անընդհատ տեքստը կրճատել․․․ Ավելի ժուժկալ ենք գտնվել էդ հարցում: Որովհետև մենք դրա պակասը չենք ունեցել․ իրոք ավելորդ բառերի, ավելորդ փայլի, ավելորդ շքեղության, որ երգերով և տարբեր տեքստերով լցվել ա մեր կյանք՝ առանց բովանդակության, ցավոք: Էս անգամ մենք գոնե մեր կողմից էդ փոքրիկ քայլը, բայց մեծ ջանքը արեցինք»:

Ֆիլմի կոմպոզիտոր Վահագն Ստեփանյանը հավաստիացնում է, որ այս ֆիլմ-էսսեի համար գրված երաժշտությունն էլ շատ շուտով կգրավի մարդկանց ու չի իջնի նրանց շուրթերից:

Ֆիլմի պրոդյուսերը «A1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն է :

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG