Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կաջակցի Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացմանը


Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հարցի ի պատասխան ընդգծել է, որ Եվամիությունը և Գերմանիան, Շվեդիան ու Միացյալ Թագավորությունը առանձին հայտարարել են ֆինանսական աջակցության մասին:

«Դա շատ ուժեղ հայտարարություն է: Տեղեկացնեմ ձեզ, որ դեպի Հայաստան դրսից եկող աջակցության ողջ ծավալը կլինի բացառապես եվրոպական աջակցություն, այսինքն կաջակցեն Եվրամիությունն և երեք անդամ պետությունները։ Չեն լինելու ոչ՛ ամերիկյան փողեր, ոչ՛ ճապոնական փողեր: Դա շատ կարևոր է, դա հայտարարություն է և, անկեղծ ասած, ես իսկապես շատ հպարտ եմ մեզ համար, որովհետև Եվրամիությանը սովորաբար շատ ժամանակ է անհրաժեշտ լինում, բայց մենք միշտ մեր մտքի ծայրում ունեցել ենք, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի շուտ: Այնպես որ, մենք գումար ենք նախատեսել։ Ըստ էության, Հայաստանի կառավարության ներդրմամբ բոլոր կարիքները բավարարված են: Չափանիշները նույնն են, ինչ 2017 թվականին`ընտրողների նույնականացումն ու տեսախցիկները: Կան որոշ լոգիստիկ դժվարություններ, քանի որ ՄԱԿ-ի համար այս կարճ ժամանակահատվածը դժվարություն է ներկայացնում: Բայց նրանք մեզ ասում են, որ պատրաստ են դա անել: Կլինեն լրացուցիչ ծախսեր», - ասել է Սվիտալկին:

Արձագանքելով դիտարկմանը, որ նախկինում խոսվում էր մոտ 11 միլիոն դոլարի մասին, ԵՄ դեսպանը Սվիտալսկին հստակցեց՝ այս անգամ կլինի 3 միլիոնից մի փոքր ավելի:

Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգ
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգ

Այս օրերին Հայաստանում գտնվող Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի խոսքով՝ դեկտեմբերին ակնկալում են ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ, և այլ դոնորների հետ մեկտեղ աջակցություն կտրամադրեն ընտրությունների անցկացման համար․ - «Կարծում եմ՝ Հայաստան ժամանեցինք լավ ժամանակահատվածում՝ ժողովրդավարական փոփոխություններից հետո այս փուլում, և միևնույն ժամանակ Հայաստան - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման վաղ շրջանում։ Մեզ համար կարևոր է տեսնել խաղաղ փոփոխության այն հանձնառությունը, որին ականատես դարձանք այստեղ, կոռուպցիան արմատախիլ անելու հանձնառությունը, Հայաստանի՝ օրենքի գերակայության վրա խարսխված, իսկապես անկախ դատական իշխանություն ունեցող ժամանակակից հասարակություն դարձնելու հանձնառությունը»։

Ամիսներ առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հայտարարել էր, որ ժողովրդավարական Հայաստանին շատ ավելի լուրջ վերաբերմունք է անհրաժեշտ: Հարցին, թե արդյոք հնարավոր է ավելի լուրջ վերաբերմունք ակնկալել, օրինակ, ֆինանսական աջակցությունն ավելացման տեսքով, Թոմաս Մայր-Հարթինգը պատասխանել է, որ չի կարծում, թե կարևոր է թվերի մեջ խորանալ: Ըստ նրա, իրական մարտահրավերն այն է, որ կառավարության հետ միասին կարողանան որոշել, թե ինչպես կարելի է օգտագործել այն, ինչն արդեն հասանելի է, և անել դա կառավարության այն ծրագրերի հիման վրա, որոնց կարող են աջակցել:

Հեղափոխությունից առաջ արդեն հատկացվել է 200 միլիոն եվրո, խոսվում էր «ավելի շատ ավելի շատի դիմաց» բանաձեւի մասին:

Հրայր Թամրազյանի դիտարկմանը, որ այդ իմաստով Հայաստանն ավելին է արել, սակայն նույնն է ստանում, Եվամիության դեսպանն արձագանքեց, թե դեռ կան խնդիրներ, որ պահանջում են նոր կառավարության արձագանքը, այդ թվում՝ երկարաժամկետ ներդրումների առումով․ - «Առաջին հերթին մենք պետք է օգտագործենք այն, ինչ հատկացվում է, և կարծում եմ, որ մենք անցյալ ամսվա ընթացքում մեծ առաջընթաց ենք գրանցել, քանի որ իսկապես ունեինք մի իրավիճակ, որտեղ նախորդ կառավարության հետ մենք շատ առաջադիմեցինք, և նոր կառավարությանը ժամանակ էր պահանջվում, որպեսզի ուսումնասիրի դա։ Կարծում եմ, որ նրանք առաջ են շարժվում: Սակայն դեռ կան խնդիրներ, որ պահանջում են նոր կառավարության արձագանքը, այդ թվում՝ երկարաժամկետ ներդրումների առումով: Այսպիսով, թիվ մեկ խնդիրն այն է, որ օգտագործվեն գումարները, որոնք արդեն հասանելի են: Երկրորդ խնդիրը լրացուցիչ ակնկալիքներին է վերաբերում, և կարծում եմ, որ հայ գործընկերները հասկանում են, որ իրենք պետք է առաջ քաշեն կոնկրետ գաղափարներ, կոնկրետ առաջարկություններ ներկայացնեն: Չխորանալով մանրամասների մեջ՝ ասեմ, որ վարչապետն այսօր մատնացույց արեց, թե որտեղ են այդ լրացուցիչ ակնկալիքները»:

Եվրամիության ներկայացուցիչների խոսքով՝ Հայաստանի նոր իշխանությունները կարևորել են կրթության և արդարադատության ոլորտները․ - «Բայց կա նաև երրորդ տարր, որը երկարաժամկետ ռազմավարությունն է, Հայաստանը պետք է իմանա, որ հաջորդ տարի կլինեն քննարկումներ՝ նոր բազմամյա ֆինանսական շրջանակների վերաբերյալ: Եվ եթե Հայաստանն իրեն որպես լավ բրենդ դրսևորի, ներկայանա որպես բարեփոխումներին միտված երկիր, որ բարեխղջորեն է ծախսում Եվրամիության միջոցները, ապա առաջիկա ֆինանսական հեռանկարում նա կարող է պատկառելի գումարներ ակնկալել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG