Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ հարցազրույցն ամբողջությամբ


Ռիչարդ Միլզը «Ազատության» տաղավարում:

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլզը ծավալուն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի տեքստն ամբողջությամբ:

«Ազատություն»․ - Դուք ասես Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի դուրս եկած խաչակիր լինեիք, Դուք առանց այլևայլությունների բարձրաձայնում էիք Ձեր տեսակետը Հայաստանի իշխանությունների հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ: Հաճախ նույնիսկ իշխանություններից պատասխան քննադատություն էիք ստանում այս պատճառով: Ինչ կարող եք ասել, որպես Հայաստանի դեսպան Ձեր պաշտոնավարման ընթացքում ինչ֊որ բան փոխվե՞լ է:

Միլզ․ - Հրայր, նախ՝ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ինձ հյուրընկալելու համար: Ուրախ եմ, որ դեսպանի պաշտոնում իմ վերջին այցերից մեկը Ձեր խմբագրություն գալն ու «Ազատության» թիմի հետ հանդիպումն է: Ուզում եմ նաև շնորհավորել ձեր հոյակապ աշխատանքի համար:

Վերադառնալով հարցին՝ ես խոսել եմ կոռուպցիայի մասին, որովհետև լսել եմ, թե ինչպես են հայաստանցիները խոսում այդ մասին: Ես լսել եմ, թե ինչպես են հայաստանցիներն ասում՝ մենք այսպես չէին պատկերացնում մեր երկիրը, մենք ուզում ենք խաղի հավասար պայմաններ բոլորի համար: Բացի այդ, ես գիտեմ, թե որքան կարևոր են օտարերկրյա ներդրումները: Եվ իմ գնահատականներով՝ ներդրումներին խոչընդոտող գործոններից մեկը՝ անգամ հայաստանցի գործարարների համար, էլ չեմ ասում ամերիկացի, եվրոպացի, ռուս կամ չինացի գործարարների համար, դաշտը համահավասար չէր: Եվ դա վանում էր ներդրողներին: Եվ որպես ամերիկյան կառավարության ներկայացուցիչ, ով ցանկանում է առաջընթաց տեսնել Հայաստանում, մենք գիտեինք, որ կոռուպցիայի խնդիրը պետք է լուծել: Ահա թե ինչու մենք խոսեցինք այդ մասին: Եվ իրականում մենք փորձում էինք լսելի դարձնել հայաստանցիների ձայնը, լսելի դարձնել այն մարդկանց ձայնը, ովքեր արդեն իսկ խոսում էին այս խնդրի մասին, բողոքի ակցիաների էին անցկացնում և փորձում էին բարեփոխել համակարգը: Եվ մենք օգնություն ցուցաբերեցինք քաղաքացիական հասարակությանը, բերեցինք մեր փորձագետներին Միացյալ Նահանգներից: Եվ, հանուն արդարության, պետք է փաստեմ, որ կառավարությունում նույնպես կային մարդիկ, ովքեր հասկանում էին, որ այս խնդիրը անհրաժեշտ է լուծել, ովքեր փորձում էին համակարգի ներսից բարեփոխումներ իրականացնել: Եվ մենք նաև նրանց հետ էինք աշխատում: Դուք հարցրեցիք՝ արդյո՞ք առաջընթաց տեսել եմ: Թերևս պետք է ասեմ՝ այո: Եվ պետք է ասեմ, որ ապրիլ-մայիսյան իրադարձությունները այդպես զարգացան, քանի որ հայաստանցիները ցանկանում էին իրենց երկիրը տեսնել որպես ավելի արդար, հավասար հնարավորությունների երկիր: Եվ ես կարծում եմ, որ այսօր երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում:

«Ազատություն»․ - Ես կարծում եմ, որ Դուք գիտեիք, թե մարդիկ ինչ են ուզում՝ պայքարել այս կոռուպցիայի դեմ, վերացնել դա: Եվ դա մի թեմա է, որը բոլորին է հետաքրքրում: Մարդիկ ողջունում են այս իշխանությունների ցանկացած քայլ, որը ուղղված է կոռուպցիայի դեմ:

Միլզ․ - Այո՝ այդպես է: Այսպես ասեմ՝ կոռուպցիա կա բոլոր երկրներում: Մենք՝ Միացյալ Նահանգներում նույնպես ունենք դա: Եվ հասարակությունը պետք է պայքարի կոռուպցիայի դեմ՝ օգտագործելով ձեռքի տակ եղած բոլոր միջոցները: Եվ պետք է հստակ ազդարարվի, որ կոռուպցիան անընդունելի է, մենք չենք կարող նման պայմաններում գործել:

Դրան զուգահեռ, առաջընթաց արձանագրելու համար կարծում եմ մեկ այլ կարևոր ուղերձ ևս կա, որը պետք է ազդարարվի: Դա օրենքի գերակայության սկզբունքին հետևելն է: Կարևոր է, որ օրենքի տառը միշտ պահպանվի, և ինչպես ինքը՝ վարչապետն է ասել՝ վենդետաները տեղ չունեն: Յուրաքանչյուր գործ պետք է մանրակրկիտ քննության առնվի՝ պահպանելով արդարադատությունը: Եվ ներդրողները նաև դրան են սպասում՝ համոզվելու համար, որ կոռուպցիայի դեպքերը քննվում են հայաստանյան օրենքներին համապատասխան:

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, մենք գիտենք, որ ամեն անգամ, երբ Դուք առիթ էիք ունենում զրուցել ամերիկյան գործարար համայնքի հետ, Դուք խրախուսում էիք նրանց գալ Հայաստան և ներդրումներ կատարել այստեղ, բայց Հայաստանում որոշ խնդիրներ կային՝ մասնավորապես օլիգարխները, որոնք իրենց ձեռքերում էին պահում հայաստանյան տնտեսության բանալիները: Բիզնեսի նկատմամբ վերաբերմունքը հավասար չէր, և դա բազմաթիվ խնդիրներ էր առաջ բերում: Այժմ, երբ Դուք վերադառնաք ԱՄՆ, ի՞նչ եք ասելու ամերիկյան գործարարներին: Ինչպե՞ս կնկարագրեք այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում:

Միլզ․ - Պետք է փաստեմ, որ այլևս ստիպված չեմ լինելու, այսպես ասած՝ վաճառել Հայաստանը գործարարներին: Գործարար համայնքը, մասնավորապես ամերիկյան գործարար համայնքը՝ թե՛ սփյուռքահայերը, և թե՛ ոչ սփյուռքահայերը, այսօր մտածում են Հայաստանի մասին: Հիմա Հայաստանի ժամանակն է՝ և կարևոր է, որ դրա ընկալումը լինի իշխանությունների և տեղի գործարար համայնքի մոտ, իսկ միջազգային հանրության ձեր գործընկերները կօգնեն այդ հարցում: Փաստն այն է, որ Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Ես գործարար համայնքին պատրաստվում եմ ասել, որ այստեղ իրական փոփոխություններ են տեղի ունեցել, և ես տեսնում եմ այդ փոփոխությունները: Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում քաղաքական կամք կա, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու կամք կա, կոռուպցիայի կանխարգելման համար անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամք կա: Ինչպես արդեն ասացի՝ կա որոշակի մտահոգություն, որպեսզի համոզվենք, որ այս քրեական գործերը քննվում են օրենքի տառին համապատասխան և պահպանվում է արդար դատաքննության իրավունքը: Իշխանությունները պետք է սա հասկանան: Օտարերկրյա ներդրողները ուշի-ուշով հետևում են այս գործերին: Եվ անհրաժեշտ է երկու բան անել՝ քննել անցյալի հետ կապված գործերը, փորձել վերականգնել պետությունից, հասարակությունից գողացվածը և դա անել օրենքի տառին համապատասխան, և միաժամանակ իրականացնել նոր, համակարգված բարեփոխումներ, որպեսզի այս ամենը լինի ավելի թափանցիկ և հաշվետու կերպով: Ես զգում եմ, որ հայաստանցիները հենց դա են ցանկանում, ես վստահ եմ և ես այս ամենը պատրաստ եմ փոխանցել ամերիկյան գործարար համայնքին:

«Ազատություն»․ - Մի առանցքային հարց կա՝ ի վերջո ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում, ինչպե՞ս կբնութագրեք ապրիլից ի վեր տեղի ունեցած զարգացումները:

Միլզ․ - Այն, ինչ մենք տեսանք ապրիլ-մայիս ամիսներին, դա հայաստանցիների կողմից, հայաստանցիների ջանքերով իրականացված փոփոխություն էր: Եվ դա, անկեղծ ասած, ոգևորիչ էր: Հայաստանցիները խաղաղ, քաղաքացիական անհնազանդության, խաղաղ ցույցերի միջոցով արտահայտեցին իրենց դժգոհությունը և կամքը՝ նոր հասարակություն կառուցելու:

Գիտեք, Հրայր, անկեղծ ասած՝ ինձ հաճախ են հարցնում, ասում են՝ երբ ապրիլին «Իմ քայլը» շարժումը մեկնարկեց, գիտեի՞ք, որ այս ամենը այսպես է ավարտվելու: Եվ իմ պատասխանն է՝ ոչ, ես չգիտեի: Բայց կարծում եմ մենք բոլորս տեսանք և զգացինք՝ այստեղ Հայաստանում, ինչպես և բոլոր նրանք, ովքեր հեռվից էին հետևում այս զարգացումներին, որ այստեղ կար աճող անբավարարվածության զգացողություն ու փոփոխությունների պահանջ: Եվ մենք բոլորս էլ հասկանում էինք, որ եկել է փոփոխությունների ժամանակը: Իսկ այն, որ հենց «Իմ քայլը» շարժումը և պարոն Փաշինյանն են լինելու այդ փոփոխությունները բերող ուժը՝ մենք դա միանգամից չընկալեցինք, բայց հայաստանցիները տեսան դա և այնպես արեցին, որ այդ փոփոխությունները տեղի ունենան: Այս ամենը շատ ոգևորիչ է, և դրանով Հայաստանը կանգնում է ճիշտ ուղու վրա: Ես այստեղից հեռանում եմ՝ Հայաստանի ապագայի նկատմամբ հավատով լցված:

«Ազատություն»․ - Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հետաքրքիր մեկնաբանություն է արել: Նա ասել է, որ աշխարհի շատ անկյուններում, անգամ առաջատար երկրներում ժողովրդավարությունը նահանջ է ապրում, մինչդեռ այստեղ՝ Հայաստանում, հակառակն է տեղի ունենում՝ ժողովրդավարությունը ծաղկում է: Նույնանման մեկնաբանություններով է հանդես եկել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Ինչ կասեք՝ Դուք լավատե՞ս եք Հայաստանի ժողովրդավարական ապագայի հարցում:

Միլզ․ - Այո, ես լավատես եմ, որովհետև գիտեմ, որ դա այն է, ինչ որովհետև գիտեմ, թե Հայաստանի ժողովուրդը ինչ է ցանկանում: Նախորդ 25 տարիների ընթացքում ուշադրությամբ հետևելով Հայաստանին՝ հասկացել եմ, որ երբեք չես կարող գնալ հայ ժողովրդի դեմ: Չնայած ողբերգական, մեծ պատմությանը` հայ ժողովուրդը վերապրել է՝ ունենալով դժվար հարևանություն, և նպատակասլաց կերպով շարունակում է առաջ գնալ: Հայերը գիտեն ինչ են ցանկանում և հասնելու են այդ նպատակին: Ուստի վստահ եմ, որ այստեղ ժողովրդավարության ապագան փայլուն է:

Որպես բարեկամ կցանկանայի հավելել, որ անչափ կարևոր է, որպեսզի էյֆորիայի, բարեփոխումների այս պահին յուրաքանչյուր հայաստանցի վստահ լինի, որ կարող է առանց վարանելու բարձրաձայնել իր մտահոգությունները: Կարևոր է, որ այն մարդիկ, ովքեր գուցե իշխանությունների հասցեին ինչ-ինչ քննադատություն ունենան, իրենց կաշկանդված չզգան և կարողանան արտահայտվել: Իհարկե, սոցիալական ցանցերում, ինչպես նաև Ձեր լրատվամիջոցում անհրաժեշտ են համարձակ քննարկումները, բայց ուզում եմ հույս հայտնել, որ այդ ամենը որոշակի սահմաններ չի անցնի:

Չեմ կարող չխոստովանել, որ այսօր սոցիալական ցանցերում բավական տաք քննարկումներ են, և որոշ դեպքերում բավական տգեղ բառապաշար է գործածվում: Ինչ֊ինչ դեպքերում դա նույնիսկ չափերն անցնում է, և դա պարզապես չի ներկայացնում այն, ինչին ձգտում են հայաստանցիները: Եվ դա թերևս իմ միակ զգուշացումն է իմ այստեղի բարեկամներին՝ թույլ տվեք, որպեսզի հանրային քննարկման դաշտը բաց մնա և մի մտածեք, որ եթե ինչ֊որ մեկը մտահոգություն է արտահայտում, ուրեմն նա անպայման հակահեղափոխական է, կամ փորձում է տապալել բարեփոխումները: Կարծում եմ, որ դա սխալ մոտեցում է:

«Ազատություն»․ - Դուք օրերս հանդիպեցիք վարչապետ Փաշինյանին և նրան համեմատեցիք ԱՄՆ-ի երկրորդ նախագահ Ջոն Ադամսի հետ: Ինչո՞ւ նման համեմատություն արեցիք, ինչ տպավորություն ունեք վարչապետ Փաշինյանից:

Միլզ․ - Պատիվ եմ ունեցել պարոն վարչապետին հանդիպելու մի քանի առիթներով՝ մինչ նա ստանձնեց պաշտոնը և վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ Թերևս ամենից շատ ինձ տպավորել է այն հարցը, որը մեզանից շատերն ունեին՝ արդյոք նա կարող է հեղափոխության առաջնորդից, փողոցային բողոքի ղեկավարից դառնալ պետության առաջնորդ, որովհետև դա այլ ունակություններ է պահանջում, և ամեն մեկը չի կարող վերափոխվել։ Տեսել ենք, թե ինչպես որոշ մարդկանց դա չէր հաջողվում անել։ Պետք է ասեմ, որ ես տպավորված եմ՝ մեր երկու վերջին հանդիպումների ժամանակ՝ տեսնելով, որ նա ավելի է հարմարվում պետության առաջնորդի դերում։ Կարծում եմ՝ նա դեռ սովորում է, բայց ես տպավորված եմ նրա լրջությամբ ու նրա՝ ավելի խոշոր պատկերը տեսնելու ունակությամբ։ Որոշեցի նրան Ջոն Ադամսի կենսագրությունը նվիրեմ։ Ջոն Ադամսը ամերիկայի հիմնադիր հայրերից մեկն է, ում ես առավել բարձր եմ գնահատում, մասնավորապես այն պատճառով, որ նա կարողացավ վերափոխվել: Նա եղել է ամերիկյան հեղափոխության իսկական ըմբոստ առաջնորդներից մեկը։ Նա դարձավ երկրորդ նախագահ։ Եվ նա արեց երկու բան, որ կարծում եմ, կարևոր են. առաջինը՝ նա միշտ հստակ արտահայտվում էր (ու դրա վերաբերյալ նա հայտնի գրություն ունի), որ ամերիկյան հեղափոխությունը հաղթանակելու է ոչ թե ռազմի դաշտում կա փողոցում, այլ ամերիկացիների սրտերում և մտածողության մեջ: Դա է ճիշտ ճանապարհը։ Եվ դա կարևոր է։ Կարծում եմ, որ վարչապետը գիտակցում է դա։ Կարծում եմ, նա հասկանում է, որ ի վերջո նա պետք է նվաճի մարդկանց սրտերն ու մտքերը, որ բոլորը կարողանան ճիշտ ուղղությամբ գնալ և բարեփոխել Հայաստանը։ Երկրորդը՝ ես հիանում եմ Ջոն Ադամսով, որովհետև ի տարբերություն Ջորջ Վաշինգթոնի, ով երկու ժամկետ է պաշտոնավարել, Ջոն Ադամսը մեկ ժամկետից հետո՝ 1800 թվականին, պարտվեց նախագահական ընտրություններում և ընդունեց ժողովրդի կամքը: Եվ նա հրաժարվեց նախագահությունից։ Ամերիկայի պատմությունը կարող էր բոլորովին այլ կերպ զարգանալ, եթե նա դիմադրեր ու ասեր՝ չէ՞ որ Ջորջ Վաշինգթոնը երկու ժամկետ պաշտոնավարեց, ուրեմն ես էլ պետք է երկու ժամկետ պաշտոնավարեմ։ Բայց նա դա չարեց, նա գնաց։ Կարծում եմ, որոշ իմաստով դա ամենակարևոր բանն է, որ ցանկացած առաջնորդ կարող է անել՝ լսել ու ընդունել ժողովրդի կամքը, երբ դրա անհրաժեշտությունը կա։ Դա մի ուղերձ է, որ ես հղել էի իմ այս նվերով։

«Ազատություն»․ - Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի վարչապետը երկրորդ անգամ չի ընտրվի, այնպես չէ՞, մենք դեռ չգիտենք:

Միլզ․ - Այո, իհարկե, մենք դեռ չգիտենք՝ միգուցե երրորդ կամ չորրորդ ժամկետը լինի:

«Ազատություն»․- Մեկ այլ հարց՝ մենք ականատես եղանք թավշյա հեղափոխությունից հետո առաջին ընտրություններին․սեպտեմբերի 23-ին Հայաստանը ավելի քան 81 տոկոս ձայն տվեց Փաշինյանի աջակցությունը վայելող ընտրական դաշինքին: Դուք հետևո՞ւմ էիք այս ընտրություններին: Ինչպե՞ս կգնահատեիք դրանք՝ կարելի՞ է ասել, որ դրանք ազատ֊արդար ընտրություններ էին:

Միլզ․ - Դեսպանատունը դիտարկում էր ընտրությունները, ինչպես մենք սովորաբար անում ենք, որպեսզի հասկանանք ինչ է տեղի ունենում, ինչպիսի արդյունքներ են արձանագրվում: Դեսպանատան մի քանի թիմերը այդ կիրակի օրը այցելել են ընտրական տեղամասեր: Մեզ ոգևորեց այն հանգամանքը, որ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ընդունեցին ընտրությունների արդյունքները և դրանք որակեցին ազատ և արժանահավատ, և կեղծիքների, ընտրակաշառքի ու նախորդ ընտրություններում արձանագրված այլ տարածված խախտումների մասին լուրջ, նշանակալի մեղադրանքներ չհնչեցվեցին: Այնպես որ՝ ես շնորհավորում եմ Երևան քաղաքին և Ընտրական հանձնաժողովին իրենց այս ձեռքբերման համար:

«Ազատություն»․ - Այսինքն՝ սա ժողովրդավարական ընտրությունների անցկացման առաջին հաջողված փորձ է՞ր: Այդ դեպքում ի՞նչ կասեք արտահերթ ընտրությունների մասին: Վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ, և եթե խորհրդարանը նոր վարչապետ չընտրի՝ այն կցրվի և դեկտեմբերին նոր ընտրություններ կանցկացվեն: Ի՞նչ կարծիքի եք այդ մասին:

Միլզ․ - Նախ՝ կուզենայի ընտրությունների մասին մեկ դիտարկում անել․ գիտե՞ք՝ ազատ և արդար ընտրությունների անցկացումը միշտ կախված է եղել քաղաքական կամքից: Նույնիսկ անցյալ տարվա ապրիլին անցկացված խորհրդարանական ընտրությունների պարագայում՝ ես կարծում եմ, որ դրանք արտացոլում էին մարդկանց քվեարկության արդյունքները: Արդեն այն ժամանակ գործընթացը ազատ էր, բավականին արդար, ընտրախախտումները, լուրջ խախտումները տեղի էին ունեցել ընտրատեղամասերից դուրս՝ նկատի ունեմ ընտրակեղծիքները, ընտրողների ահաբեկումները, վարչական ռեսուրսի չարաշահումները և այլն: Եվ ես առհասարակ կարծում եմ, որ եթե քաղաքական կամք դրսևորվի իշխանությունների և քաղաքացիների կողմից, միշտ վստահ եմ եղել, որ Հայաստանում հնարավոր է ազատ և արդար ընտրություններ անցկացնել: Եվ մենք դա տեսանք Երևանի ընտրություններում:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, կրկին՝ դա քաղաքական ուժերի որոշելիք հարց է՝ իշխանությունների հետ միասին: Ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել դա: Որպես Հայաստանի բարեկամ՝ մենք հետևելու ենք, որպեսզի գործընթացը, ընտրությունների անցկացման օրը երկխոսության արդյունքում ընտրվի և բոլոր մասնակիցները հավասար հնարավորություն ստանան դրանց մասնակցելու:

«Ազատություն»․ - Ամեն դեպքում՝ այստեղ անօրինական ոչինչ չկա, այնպես չէ՞: Ոչ մի խնդիր չկա այն բանում, որ արտահերթ ընտրություններ են անցկացվում: Որովհետև, ինչպես գիտեք, նախկին իշխող կուսակցությունը հաճախ քննադատում է՝ պնդելով, որ այժմ չափազանց վաղ է արտահերթ ընտրությունների անցկացումը, և որ դրանց կարիքը չկա և կարելի ընտրությունները անցկացնել մեկ տարուց: Այս մասին ի՞նչ կարծիքի եք։

Միլզ․ - Կրկին ասելու եմ՝ իմ կարծիքով քաղաքական ուժերը և իշխանությունները իրենք պետք է որոշեն, թե որն է լավագույն լուծումը:

«Ազատություն»․ - Այդ դեպքում եկեք խոսենք հայ-ամերիկյան հարաբերությունների մասին: Տեսնո՞ւմ եք դեռևս չօգտագործված հնարավորություններ՝ մեր հարաբերությունները էլ ավելի բարելավելու համար: Ինչ կասեք այս մասին:

Միլզ․ - Ես անչափ հպարտ եմ և գոհունակության մեծ զգացումով եմ հեռանում դեսպանատան իմ թիմից: Կարծում եմ, որ այս պահին Հայաստանի հետ մեր հարաբերությունները ավելի լավ են, քան երբևէ: Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարել է Հայաստանին հատկացվող աջակցությունը ավելացնելու մտադրության մասին՝ ոչ ռազմական աջակցության մասին է խոսքը: Մենք ցանկանում ենք աջակցել այստեղ անցկացվող բարեփոխումներին, մենք ցանկանում ենք օգնել հայաստանցիներին՝ ի կատար ածելու իրենց ցանկությունները: Կարծում եմ, որ մեր հարաբերությունները լավ մակարդակի վրա են: Ես ուրախ եմ, որ մոտ երկու շաբաթից այստեղ կայցելի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա՝ Ջոն Բոլթոնը: Վերջին երեք-չորս տարիների ընթացքում նա ամենաբարձրաստիճան ամերիկյան պաշտոնյան է, որ կայցելի Հայաստան: Կարծում եմ հարաբերությունները ջերմ են: Ինչ վերաբերում դրանց առավել խորացմանը՝ ես կուզենայի տեսնել առևտրաշրջանառության աճ, և կարծում եմ այստեղ հետաքրքրություն կա առաջ շարժվելու: Ես նաև հույս ունեմ, որ ավելի մեծ ներգրավվածություն կտեսնենք Սփյուռքի կողմից: Եվ ինձ հասած լուրերից դատելով՝ այնտեղ հետաքրքրվածություն կա, նոր ոգևորություն կա: Եվ կարծում եմ մենք կտեսնենք սփյուռքահայերի կողմից թե՛ բարեգործական ծրագրեր, թե՛ ուղղակի ներգրավվածություն այստեղ, և թե՛ որոշ սփյուռքահայերի վերադարձ Հայաստան՝ իրենց նպաստը բերելու մտադրությամբ:

«Ազատություն»․ - Իմ վերջին հարցը՝ ինչ կարծիքի եք օտարերկրյա գործընկերների հետ աշխատելու՝ Փաշինյանի կարողությունների մասին: Որոշակի քննադատություն կար, որ նա բավարար փորձառու չէ այս հարցերում: Որպես դիվանագետ՝ ի՞նչ կարող եք ասել այս մասին:

Միլզ․ - Պետք է ասեմ, որ առայժմ, գոնե իմ գնահատմամբ, նա բավական հաջող է գործում՝ օտարերկրյա առաջնորդների հետ իր շփումներում: Իհարկե, ես ներկա չեմ եղել նրա հանդիպումներին՝ Պուտինի, Մերկելի կամ վարչապետ Թրյուդոյի հետ: Բայց իմ տպավորությամբ նրան հաջողվել է մեզ բոլորիս վստահեցնել, որ Հայաստանի քաղաքականությունը, հարաբերությունները բոլորիս հետ անփոփոխ են լինելու, արտաքին քաղաքականության ոլորտում կտրուկ շրջադարձեր չեն լինելու, ինչը հենց այն է, ինչ, առնվազն ԱՄՆ կառավարության համար ցանկալի է: Կարծում եմ նա նաև լավ է գործում ղարաբաղյան հակամարտության հարցում՝ նրա հրապարակային հայտարարությունները դա են ցույց տալիս՝ նա ճիշտ ուղերձներ է հղել բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին, և նա նաև ցանկություն է հայտնել որոշակի նոր շեշտադրումներ մտցնել, որը երևի կտեսնենք այստեղ անցկացվելիք ընտրություններից հետո: Կարծում եմ, որ սկսնակի համար նա բավական լավ է աշխատում:

Թամրազյան. - Պարոն դեսպան, ձեր վերջին մտքերը Հայաստանի մասին։ Կարող եք այժմ դիմել հայաստանցիներին մեր եթերից։

Միլզ. - Ես կասեի շնորհակալություն։ Շնորհակալ եմ հայ ժողովրդից այն բանի համար, որ բացել եք ձեր սրտերը, ձեր տները, ձեր բիզնեսները, ձեզանից սովորելու հնարավորություն եք ինձ ընձեռել: Շնորհակալ եմ դրա համար, որ հնարավորություն եք տվել ինձ լսելու այն մասին, թե ինչպես եք դուք տեսնում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ապագան, թե ինչպես ԱՄՆ-ը կարող է օգնել, ինչպես նաև շնորհակալ եմ, որ օգնել եք ինձ որոշ բաներ քաղել այս մեծ մշակույթից, որը կարող եմ ինձ հետ տանել Միացյալ Նահանգներ։

Մի բան, որ ինձ իսկապես շատ տպավորել է այստեղ, դա այն է, որ, ինչպես ասել եմ՝ ի հեճուկս դժվարին հարևանությանն ու ողբերգական պատմությանը՝ Հայաստանը կարողացել է պահպանել իր ազգային ինքնությունը, մշակույթը, բայց միևնույն ժամանակ դրականն է վերցրել իր հարևաններից և միշտ բաց է եղել այլ մշակույթների լավագույն դրսևորումների առաջ։

21-րդ դարում դա կարևոր ուղերձ է, և դա մի դաս է, որ ինձ հետ կվերցնեմ Միացյալ Նահանգներ և այլ երկրներում դիվանագիտական պաշտոններին։ Այնպես որ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ դրա համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG