Մատչելիության հղումներ

Փաշինյանը Գյուղնախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարի պաշտոնակատարին


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին:

Կատարած աշխատանքների համար Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախորդ նախարարին՝ դաշնակցական Արթուր Խաչատրյանին:

Դիմելով Գևորգյանին՝ վարչապետը նրա ուշադրությունը հրավիրեց հետևյալ խնդրի վրա․ - «Կա վտանգ, որ մեր գյուղատնտեսությունը չի կարողանա մատակարարել այն անհրաժեշտ հումքը, որոնք անհրաժեշտ են արտադրության ողջ ծավալը ապահովելու համար: Արարատի մարզի մի շարք գործարաններում, օրինակ, մեզ հետ զրույցների ընթացքում ասում էին, որ իրենք պատրաստ են եղել և պատրաստ են անսահմանափակ քանակությամբ ընդունել, մթերել ազնվամորի, մթերել թութ, անսահմանափակ քանակությամբ մթերել հոն, տարբեր այս կարգի մշակաբույսեր և նաև այնպիսի տեսակներ, որոնք վայրի բնության մեջ են աճում: Կան մարդիկ, իմիջիայլոց, որոնք գործընկերային հարաբերություններ են հաստատել այդ գործարանների հետ և արդեն տարիներ պայմանագրային հիմունքներով աշխատում են գործարանների հետ»:

Շուրջ կես տարի գյուղնախարարի պաշտոնը զբաղեցրած արդեն նախկին նախարար, դաշնակցական Արթուր Խաչատրյանը համամիտ է վարչապետի հետ: Ասում է՝ հայաստանյան գյուղատնտեսությունը ծանրաբեռնված է վարկերով, սպառման շուկաների խնդիր կա:

Այդուհանդերձ, նախկին նախարարի տպավորությամբ, կառավարությունը մեծ բեռ է դրել գյուղացու ուսերին, գյուղացին էլ ասում է՝ արի իմ փոխարեն իմ հարցերը լուծիր․ - «Որ գյուղացուն հարցնում ես, վարկերի տակ է գտնվում, բայց մյուս կողմից մարդիկ ուզում են վարկ ստանան՝ բանկերը վարկ չեն տալիս: Այս երկու խնդիրն էլ, վերջիվերջո, արմատական փոփոխության պետք է ենթարկվեն, որպեսզի ունենանք նորմալ գյուղատնտեսություն: Չենք կարող ունենալ գյուղատնտեսություն, եթե չունենանք ոռոգման ցանց»:

«Ազատության» դիտարկմանը, թե մարդիկ ասում են, թե նոր մշակաբույսերով կսկսեն զբաղվել միայն իրենց վարկերն ամբողջությամբ մարելուց հետո, Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ - «Ես էլ վերջին անգամ, որ հանդիպեցի գյուղացիներին, վարչապետն էլ ասեցինք՝ որ էս սորտը ցածր է, մյուս սորտը դրեք: Բա՝ մինչև մյուս սորտը դնենք 5 տարի կանցնի: Բայց 20 տարի է, չէ՞, մենք դրա մասին եք խոսում»:

Արարատի մարզի Ավշար գյուղի բնակչուհի տիկին Սիլվայի բազմանդամ ընտանիքի ապրուստի միակ միջոցը հողագործությունն է: Թեև նշեց, որ գյուղացու ուսերին մեծ բեռ կա դրված, բայց չդժգոհեց, ասաց, թե Հայաստանում այսօր հնարավոր է ապրել միայն գյուղատնտեսությամբ զբաղվելով․ - «Եթե գյուղնախարարությունը աջակցի գյուղացուն դեղորայքով, ոռոգման ջուրը ժամանակին ու մի քիչ էլ գոնե գների իջեցում լինի, որ էսօր խեղճ գյուղացին հա՛մ կարողանա իրա վարկերը փակի, հա՛մ ինքը եկամուտ ունենա, որ իրա ընտանիքի գոյությունը կարողանա պահպանել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG