Մատչելիության հղումներ

Հրազենային կրակոցներ, պայթյուն Կերչում, կան զոհեր և վիրավորներ


Հրազենային կրակոցներ, պայթյուն՝ Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի թերակղզում գտնվող Կերչ քաղաքում: Կան տասնյակ զոհեր և վիրավորներ:

Հարձակումը տեղի է ունեցել պոլիտեխնիկական վարժարանում՝ զոհերի թիվը հասել է 19-ի, ավելի քան հինգ տասնյակ մարդ վիրավորվել է, հինգի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Զոհերը հիմնականում անչափահասներ են: Ղրիմի թերակղզու տարածքում հայտարարվել է եռօրյա սուգ:

Ըստ պաշտոնական վարկածի՝ սպանությունների հեղինակը նույն վարժարանի չորրորդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Հանցագործությունից հետո նա ինքնասպան է եղել: Մարմինը հայտնաբերվել է վարժարանի տարածքում, այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

Արյունալի իրադարձությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ նախ ահաբեկչության հոդվածով, որը ժամեր անց վերաորակավորվել է սպանության հոդվածի:

Պայթյունի և կրակոցների մասին առաջին լուրերից րոպեներ անց Մոսկվայից շտապեցին հայտարարել, որ դիտարկվում է ահաբեկչության վարկածը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով նախագահ Պուտինը մի շարք գերատեսչությունների՝ այդ թվում անվտանգության դաշնային ծառայությանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել:

Քիչ անց Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող թերակղզու խորհրդարանի խոսնակը, ավելի հեռուն գնալով, հայտարարեց, թե տեղի ունեցածում ուկրաինական հետք են տեսնում: Ըստ Վլադիմիր Կոնստանտինովի պայթյունը կարող էր կապված լինել ուկրաինական իշխանությունների հետ:

Այս վարկածը ժամեր անց հերքվեց պաշտոնական աղբյուրների կողմից:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթահ աս-Սիսիի հետ հանդիպմանը, մեկնաբանելով տասնյակ մարդկանց կյանք խլած հարձակումը, հայտարարել է․ - «Պայթյունի արդյունքում զոհվել են մարդիկ, կան բազմաթիվ վիրավորներ: Այժմ արդեն հստակ է, որ դա հանցագործություն է: Այդ ողբերգության բոլոր դրդապատճառներն ու վարկածները մանրակրկիտ ուսումնասիրվում են»:

Ղրիմի երեխաների պաշտպանության հարցով լիազոր Իրինա Կլույևան հայտարարել է, որ հարձակման հեղինակը՝ 18-ամյա Ռոսլյակովը, զենքի թույլտվություն ուներ, թե ինչպես է ձեռք բերվել՝ դեռևս հայտնի չէ: Ռոսլյակովի ծանոթներից մեկը, ով նախընտրել է անանուն մնալ, ՌԲԿ-ի հետ զրույցում պատմել է, որ «պատանին ատում էր վարժարանը՝ չար դասախոսների պատճառով, ակնարկում էր, որ վրեժ կլուծի նրանցից»: Հարձակման հեղինակի համակուրսեցիները նշում են, որ նա փակ մարդ էր, գրեթե ոչ ոքի հետ չէր շփվում, իսկ վերջերս էլ ջնջվել է սոցիալական ցանցերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG