Նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ով Ջիբրալթարի հետ հանդիպումը «դժբախտ պատահար» է համարում ֆուտբոլում, ասաց, որ այդ պարտությունից հետո հավաքականը հանդիպում է ունեցել երկպագուների և ֆեդերացիայի նախագահի հետ և հասկացել են, որ այս անգամ հաղթել է պետք․ - «Էս անգամ արդեն կրկնապատիկ էր ցանկությունը, որ բոլորի հույսն ու հավատը հետ բերեինք մեր հավաքականի նկատմամբ»:
Ազգային հավաքականի պաշտպան Գագիկ Դաղբաշյանը «Ազատության» հետ զրույցում ևս նշեց, որ Ջիբրալթարի հետ հանդիպման պարտությունը ցավալի էր ֆուտբոլիստների համար, և իրենք հստակ որոշում են կայացրել, որ այս անգամ միայն հաղթանակ է լինելու․ - «Մենք էլ շատ էինք տխրել, շատ ամոթալի էր մեզ համար։ Մենք էլ մեր մեջ պատրաստվեցինք․․․ դե Մակեդոնիան տեսաք ինչ եղավ: Ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որ այդպիսի խաղից հետո հավատացին մեզ, եկան ստադիոն և աջակցեցին մեզ»:
Ե՛վ Դաղբաշյանը, և՛ գլխավոր մարզիչը նշում են, որ հատկապես երկրպագուների հավատն է նպաստել նման բարձր արդյունք գրանցելուն: Հայաստան - Մակեդոնիա հանդիպումից հետո՝ երկրպագուներին մոտեցան ազգային հավաքականի ֆուտբոլիստները, մարզաշապիկներ նետեցին ու միասին նշեցին հաղթանակը։
Երկրպագուներն ասում են, որ թեև Ջիբրալթարին պարտվելուց հետո հիասթաձություն եղել է, սակայն, վստահ էին, որ Մակեդոնիայի հետ խաղում տղաները հաղթելու են։ Նշում են, որ հատկապես պարտությունից հետո հասկացել են՝ առավել քան երբևէ պետք է աջակցեն հավաքականին։
«Հույսեր ունենք, որ ինչ-որ ֆուտբոլային փոքրիկ հրաշք կլինի, և կփորձենք ամեն մեթոդով աջակցել, որ էդ հրաշքը լինի», - «Ազատությանն» ասաց երկրպագուներից մեկը:
Այժմ Հայաստանի հավաքականը 6 միավորով երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում D լիգայի 4-րդ խմբում: Աղյուսակը 9 միավորով շարունակում է գլխավորել Մակեդոնիայի հավաքականը:
Մրցաշարի վերջին երկու հանդիպումները Հայաստանի ընտրանին կանցկացնի մրցակիցների հարկի տակ․ նոյեմբերի 16-ին՝ Ջիբրալթարում, և նոյեմբերի 19-ին՝ Լիխտենշտեյնում: