Մատչելիության հղումներ

Վրաստանի հեռացող նախագահը քննադատում է նախագահական ընտրարշավի ընթացքը

Վրաստանի հեռացող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դժգոհ է նախագահական քարոզարշավի ընթացքից: Նա ասել է, թե փորձեր են արվում բանակը օգտագործելու քաղաքական նպատակներով, նաև փորձեր են արվում վարկաբեկել իշխանություններին:

«Ես նախագահական ընտրություններին չեմ մասնակցում, ուստի իմ խոսքերը չպետք է դիտարկվեն որպես նախընտրական քարոզարշավի մաս: Ես այդ քարոզարշավում տեսնում եմ դժգոհություններ առաջացնող հարցեր», - երեկ հրավիրած բրիֆինգում ասաց Մարգվիլաշվիլին:

Նրա խոսքերով շահագրգիռ որոշ կողմեր փորձում են բանակը քաղաքական գործընթացների մեջ:

Վրաստանի գործող նախագահը կոչ արեց զինծառայողներին, որպեսզի նրանք չընդգրկվեն քաղաքական դեբատների մեջ և կատարեն հայրենիքը պաշտպանելու իրենց պարտականությունը:

Նա նաև լսել է, որ նախընտրական քարոզարշավում հայտնվել են իշխանություններին վարկաբեկող գաղտնի ձայնագրություններ: Մարգվելաշվիլին նշեց, որ չի մեկնաբանի այդ ձայնագրությունները, որովհետև երբեք նման ձայնագրությունների ուշադրություն չի դարձրել և իր համար անհասկանալի է դրանց նկատմամբ քաղաքական արձագանքը: Նախագահի խոսքով դա կրիմինալ խմբերի միջամտություն է պետության ղեկավարմանը: Նա նաև նկատեց, որ հանրության մոտ պետական ինստիտուտների թուլացման զգացողություն է առաջացել:

«Ես կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է ադեկվատ գնահատել իրավիճակը և ադեկվատ քայլեր ձեռնարկել», - ասաց Մագվելաշվիլին՝ նշելով, որ ոչ համարժեք ծիծաղով իրավիճակը չի փոխվի:

Նախագահն առաջարկել է Գործադիր իշխանության հետ խորհրդակցություն անցկացնել անհրաժեշտ որոշումներ ընդունելու համար:

«Ես օգտագործում եմ սահմանադրական իրավունքը և դիմում եմ Վրաստանի կառավարությանը և վարչապետին՝ առաջարկելով մոտ օրերս կառավարության նիստ հրավիրել, որտեղ ես հանդես կգամ պետական ինստիտուտների արդյունավետ գործելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու վերլուծությամբ: Հուսով եմ այդ հանդիպումը օգտակար կլինի», - հավելեց Մագվելաշվիլին:

Վրաստանում նախագահական ընտրությունները անցկացվելու են հոկտեմբերի 28-ին: Վրաստանի գործող նախագահը այդ ընտրություններին չի մասնակցում:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG