Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյան․ Վարչապետի հրաժարականից հետո դավադրություններ չեն լինի


Ազգային ժողովի Հանրապետական, «Ծառուկյան» և Դաշնակցություն խմբակցությունները վստահեցնում են, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չեն առաջադրի:

Վարչապետ Փաշինյանը օրեր առաջ ներկայացրել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման սցենարը: Ըստ նրա, ինքը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, ինչից հետո Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, և անցկացվում են խորհրդարանական նոր ընտրություններ: Վարչապետի հաշվարկներով, դեկտեմբերի 9-10-ին՝ պլյուս-մինուս մի քանի օր:

Այսօր Փաշինյանը չբացառեց իր առաջադրվելու տարբերակը, իհարկե, ասաց՝ չընտրվելու կանխավարկածով:

«Դաշնակցությունը չի պատրաստվում թեկնածու առաջադրել», - այսօր հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ եթե ՀՀԿ-ն էլ նման մտադրություն ունենա, չեն սատարի, որևէ մեկի ասածով չեն առաջնորդվի․ - «Անտրամաբանական է, որ մենք 7 հոգով առաջադրենք թեկնածու․․․»

Հանրապետական և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել են, որ վարչապետի թեկնածուն չեն առաջադրելու: Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը նաև հուշագրով պարտավորվել է չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի:

Խորհրդարանի մեծությամբ երկրորդ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բացառում է, որ անակնկալներ լինեն․ - «Ես բացառում եմ, որ որևէ քաղաքական ուժ խախտի իր արած հայտարարությունը և էս ընթացքում առաջադրի վարչապետի թեկնածու․․․ Ես չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ ինքնասպան է, որ ինքը չհարգի իր քաղաքական հայտարարությունը»:

ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանի խոսքով, իրենք տեր են իրենց հայտարարություններին՝ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու․ - «Այդ սյուժեն պետք է սպառված համարել, և Հանրապետականի բոլոր հայտարարություններն են միշտ տեղին եղել, և մենք տեր ենք եղելայդ հայտարարություններին»:

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ վարչապետի հրաժարականից հետո դավադրություններ չեն լինի․ - «Վերջին ժամանակների «դավադրությունները» իրենց հետևանքներով, կարծում եմ, զերծ կպահեն մեր գործընկերներին դավադրություններից»:

Ալեն Սիմոնյանի ունեցած տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով: Քաղաքական այլ ուժերի հետ դաշինք կազմելու առաջարկ չեն ստացել, կլինի՝ կքննարկեն: Ընտրացուցակում, ըստ Սիմոնյանի, կլինեն անկուսակցականներ, չբացառեց՝ հնարավոր է նաև նախկին իշխանության ներկայացուցիչներ․ - «Հիների, նորերի և նման բաժանումներ մենք ուղղակի չենք անելու: Կա մի չափանիշ՝ որքանով մարդը արհեստավարժ է և որքանով մարդը օրենքի առջև մեղավոր է: Եթե օրենքի առջև որևիցե մեղավորություն չկա, քաղաքական հայացքների համար կամ որևիցե քաղաքական ուժի հետ աշխատելու համար ես չեմ կարծում, որ պետք է մարդկանց մենք վտարենք երկրից կամ բաժանենք յուրայինների կամ ոչ-յուրայինների»:

ԲՀԿ-ն, ըստ Նաիրա Զոհրաբյանի, չի քննարկել, թե ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին՝ այլ ուժերի հետ դաշինքո՞վ, թե՞ բացառապես կուսակցական ցուցակով: Բայց որ մասնակցելու են, հաստատ է։

Իսկ ահա Հանրապետականը դեռ որոշում չունի: Նախկին իշխանական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով, երկու մոտեցում կա՝ մասնակցել կամ առաջիկա ընտրությունները բաց թողնել։ Դեռ կարծիք չի արտահայտել ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

«Սերժ Սարգսյանը լսում է այս պահի դրությամբ բոլոր կարծիքները: Դժվարանում եմ ասել ինչպիսին կլինի կուսակցության վերջնական որոշումը, բայց այդ որոշումը կկայացվի պատեհ ժամկետներում և հիմք ընդունելով բացառապես օբյեկտիվ տվյալներ: Իսկ օբյեկտիվ ամենակարևոր բացատրությունը ինձ համար, թե ինչու պետք է մասնակցի Հանրապետականը, որովհետը Հանրապետականը այս իրողությունների մեջ ունի ներուժը վերափոխվելու, ունի ներուժը իր կուտակած գիտելիքը, փորձը, կապերը օգտագործելու և ծառայեցնելու Հայաստանի Հանրապետությանը»:

XS
SM
MD
LG