Մատչելիության հղումներ

Նախընտրական Վրաստանում հերթական քաղաքական սկանդալը լրջորեն սպառնում է իշխող ուժի վարկանիշին


Միրզա Սուբելիանին դատարանի դահլիճում:
Միրզա Սուբելիանին դատարանի դահլիճում:

Վրաստանում երկու շաբաթից կայանալիք նախագահական ընտրությունների շեմին քաղաքական նոր սկանդալ է ծագել, որը սպառնում է լուրջ հարված հասցնել իշխող «Վրացական երազանքի» վարկանիշին:

Նախօրեին «Ռուսթավի» հեռուստաընկերությունը հրապարակել է մի աղմկահարույց ձայնագրություն, որտեղ, ըստ խմբագրության, նախկին դատախազ Միրզա Սուբելիանին գործող իշխանություններին մերկացնող մի շարք հայտարարություններ է անում:

Սուբելիանին այն պաշտոնյան է, ում ամիսներ առաջ Վրաստանի իշխանությունները կալանավորեցին երկու անչափահասների սպանության գործով սկսված զանգվածային ցույցերը հանդարտեցնելու համար: Նախկին դատախազին մեղադրում են գործը կոծկելու մեջ:

Սուբելիանին, մինչդեռ, պնդում է, թե ինքնակամ է համաձայնել կալանքին՝ կառավարության հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների դիմաց, որոնք, սակայն, չեն իրագործվել․ - «Ես ասում եմ՝ դատեք ինձ, տվեք այնքան, որքան հասնում է օրենքով: Ասել եմ, չէ՞՝ մեկ տարի, թող այդքան էլ տան և վազն անցնեն ինձնից, հոգնել եմ արդեն: Ես կարծում էի, թե պետությունը տեսնում է, որ ես հանուն իրենց եմ բանտ նստել, իրենց կաշին եմ փրկել, բայց արդյունքում ի՞նչ ստացա...»

Զրույցին մասնակցում են երկու այլ տղամարդիկ, որոնցից մեկը, ըստ «Ռուսթավիի», իշխող «Վրացական երազանքի» պատգամավոր Վիկտոր Ջափարիձեն է, մյուսը՝ դատախազության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դատո Զուխիշվիլին:

Դիմելով վերջիններիս՝ Սուբելիանին զգուշացնում է, որ իշխանությունների դեմ այնքան փաստեր է հավաքել, որ բավական է դրանցից մեկ-երկուսը հրապարակի, և տեղում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի դուրս կգան՝ պաշարելով Ռուսթավելու պողոտան:

Բորբոքված տղամարդը խոստովանում է, որ անձամբ է առևանգել մարդկանց ու նրանց կտտանքների ենթարկել, որպեսզի ցուցմունքներ կորզի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցների դեմ:

Ընդ որում, այդ գործում Սուբելիանին միայնակ չի եղել․ մոտ կես ժամ շարունակվող զրույցում նախկին դատախազը հստակ ասում է, որ զինված խումբ է ունեցել, որը ենթարկվել և իրականացրել է վերևների հրամանները․ - «Երբ Նավթլուղի շուկայի գործով քննություն էր ընթանում, որևէ մեկը չէր «ծակվում»: Մեզ մոտ բերեցին, մենք ծեծեցինք, որ կարողանան բացահայտել գործը: Առանց այդ ցուցմունքների ի՞նչ էին անելու: Ընդամենը երկու ձայնագրություն հրապարակեմ՝ բոլորը դուրս կգան Ռուսթավելի, «Վրացական երազանքն» այլևս չի լինի, հավատա ինձ: Ուղղակի որպես տղամարդ եմ ասում՝ ես նման բան անող չեմ, և մի դրդեք ինձ դրան»:

Զրույցի մասնակիցներից մեկը «Վրացական երազանքի» պատգամավոր Վիկտոր Ջափարիզեն հսստատել է, որ Սուվելիանիի հետ հանդիպում եղել է:

«Նա այդ օրը շատ բորբոքված էր, դրա համար էլ ես ասված խոսքերը լուրջ չընդունեցի», - ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Ընդդիմությունը, մինչդեռ, ճիշտ հակառակը՝ ասվածն ընդունել է ամենայն լրջությամբ և առավոտից խորհրդարան է կանչել մի շարք նախարարների՝ պարզաբանումներ ստանալու համար:

«Այս զրույցով բոլորի համար այլևս պարզ դարձավ իշխող վարչակազմի էությունը», - հայտարարել է ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության ներկայացուցիչ Զաալ Ուդումաշվիլին: - «Այս ձայնագրությունը ամբողջովին մերկացրեց «Վրացական երազանքին»՝ ի ցույց դնելով, թե ինչ քաղաքականություն է վարում այս վարչակազմը, թե իրականում ինչպես են գործերը քննվում, ինչ հանցավոր խմբեր են դրանց մասնակցում, և ընդհանրապես, ինչպես է Բիձինա Իվանիշվիլին ղեկավարում Վրաստանը»:

«Իշխանության լռությունն այս դեպքում շատ խոսուն է, նրանք ասելու ոչ մի բան չունեն», - իր հերթին պնդել է ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» պատգամավոր Սերգի Կափանաձեն՝ հավելելով, թե այս ձայնագրությունը փաստացի ցույց տվեց, որ պետությունն արդեն փլուզվել է․ - «Ներքին գործերի նախարարությունը, դատախազությունը, նրանց վարած քննությունները, ամեն ինչ բեմականացում է: Իրականում ամբողջը համաձայնեցվում է մի քանի մարդկանց կաբինետներում: Գուցե այդ որոշումների կայացման պահին նրանց կողքին ավտոմատավոր մարդիկ են կանգնած լինում, որոնց օգնությամբ էլ կառավարությունը ինչ ուզում, ինչպես ուզում՝ անում է»:

Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ երեք օր առաջ արդեն քրեական գործ է հարուցել աղմկահարույց ձայնագրության փաստով:

«Այս պահին քննությունն ընթանում է՝ պարզելու, թե երբ է կատարվել ձայնագրությունը, որտեղ և ում կողմից», - հայտարարել է Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG