Մատչելիության հղումներ

«Խայտառակ պարտություն»․ երկրպագուները՝ Հայաստան-Ջիբրալթար հանդիպման մասին


Երկրպագուները Հայաստան-Ջիբրալթար հանդիպման արդյունքը՝ որակում են «խայտառակ պարտություն և կատարյալ ձախողում»։

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին, Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրում սեփական հարկի տակ մրցելով Ջիբրալթարի հետ, 0։1 հաշվով պարտություն կրեց։

«Երևի հավաքականի պատմության 3 ամենախայտառակ պարտություններից մեկն էր, որ գրանցվել է։ Կարելի է ասել՝ մեր շարժման կողմից էլ բավական լուրջ կորուստներ ունեցանք, քանի որ արդեն 2-3 շաբաթ պատրաստվում էինք Մակեդոնիայի խաղին», - ասում է Ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատի» հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը: - «Մեր երևակայությունը նույնիսկ էդքան չէր պատում, որ Ջիբրալթարին մեր սեփական դաշտում կարող է պարտվենք։ Դա ամենացավալի բանն էր, որ երկրպագուների հետ եղավ վերջին տարիների ընթացքում»:

Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո՝ ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ասաց՝ սա «դաժան պարտություն» էր, որի մեղավորն իրեն է համարում․ - «Շատ ցավալի, դառը պարտություն է, որի պատասխանատվությունը լրիվ վերցնում եմ ինձ վրա։ Մենք պարտավոր էինք հաղթել, բայց եթե նայեք պատմությունը՝ սենց դեպքեր էլի կգտնեք»:

Ի դեպ, Հայաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակը պաշտոնական մրցաշարերում առաջինն էր ավելի քան 30 հազար բնակչություն ունեցող Ջիբրալթարի պատմության մեջ: Նախքան Հայաստանի հետ խաղը՝ Ջիբրալթարն ունեցել է 22 խաղ և 22 պարտություն։

Սպորտային մեկնաբան Գևորգ Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում պարտությունը ևս խայտառակ որակեց։ Ասում է՝ Ջիբրալթարի նման թույլ թիմի հետ խաղում պարտությունը անսպասելի էր։ Հավելեց՝ վաղը սպասվելիք Հայաստան-Մակեդոնիա խաղին պետք է հնարավոր հաղթանակը Հայաստանինը լինի։

«Ինչ-որ ապտակի պես մի բան է, որից պետք ա հասկանալ, թե հաջորդիվ ինչ պետք ա անել, որպեսզի նման պարտություն էլ թույլ չտալ, առհասարակ», - ավելացրեց սպորտային մեկնաբանը: - «Հաջորդ խաղին վաղվա պետք է ավելի տրամադրվել, ավելին անել, անգամ, եթե այնպես լիներ, որ առաջին խաղը մենք հաղթած լինեինք ու էս անգամ մենք հաստատ պետք ա հաղթենք անգամ, եթե մրցաշարային աղյուսակում, արդյունքում մենք ոչինչ չունենք լուծելու, որովհետև պարզապես խայտառակություն ա: Արդեն սեփական լինելիության խնդիր ա էլի»:

Ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատի» հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը կարծում է՝ հավաքականում կադրային փոփոխությունները պարտադիր են․ - «Գլխավոր բացթողումներից մեկը, որ շանս չի տրվել երիտասարդ ֆուտբոլիստներին։ Այսինքն՝ ունենք ֆուտբոլիստներ, ովքեր կարող է մակարդակով չեն ձգում մեր «անունով ֆուտբոլիստներին», բայց նրանց նվիրվածության շնորհիվ վստահ եմ, որ կարող էին ու պարտավոր էին ավելի թասիբով ֆուտբոլ խաղային։ Էս խաղերից հետո ամեն ինչ անելու ենք, որ սերնդափոխությունը լինի։ Որովհետև տարիներ ի վեր նկատում ենք, որ ոչ մի փոփոխություն չի լինում թիմում»:

ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Ջանջոյանը նկատում է՝ հավաքականը չի գնահատում երկրպագուներին։ Հայաստան-Ջիբրալթար խաղից հետո երկրպագուները ցանկություն են ունեցել հանդիպել ֆուտբոլիստների հետ, սակայն նրանց միայն Յուրա Մովսիսյանն է մոտեցել:

«Ֆուտբոլիստները պետք է մոտիկանան էդ երկրպագուներին հանգստացնեն: Հավատացնում եմ, որ ֆուտբոլիստները մոտիկանային էդ միջադեպերը չէր լինի: Երկրպագուն, որ գլուխը բռնած էր գնում, մի քիչ կարողա սիրտը հովացած գնար», - ասաց Ջանջոյանը:

Երկրպագուների հետ հանդիպմանը ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանն ասում էր՝ ազգային հավաքականում առաջացած խնդիրները տարիների պատմություն ունեն և մեկ օրում չէ, որ փոփոխությունը նկատելի է լինելու։ Ասաց՝ թիմում մթնոլորտն այն չէ, ինչ եղել է տարիներ առաջ։

Վաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական հանդիպումը՝ Երևանում մրցելով Մակեդոնիայի հավաքականի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG