Մատչելիության հղումներ

Լեյլա Յունուսը կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել Ալիևի վարչակազմի դեմ


Իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ
Իրավապաշտպան Լեյլա Յունուս, արխիվ

Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան, վտարանդի այլախոհ Լեյլա Յունուսը կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի դեմ՝ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար:

«Ադրբեջանը դարձել է միջնադարյան սուլթանություն, որտեղ համակարգն ամեն ինչ է վերահսկում», - «Ազատության» Current Time հեռուստածրագրին տված հարցազրույցում պնդել է 62-ամյա Յունուսը, ում տարիներ առաջ Ալիևի վարչակազմն ազատազրկել էր, երբ վերջինս արևմտյան կառույցներին փաստեր էր տրամադրել Ադրբեջանի բանտերում պահվող տասնյակ քաղբանտարկյալների վերաբերյալ:

«Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի վարչակազմի դեմ: Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պետք է գործի դնի պատժիչ մեխանիզմներ անդամ երկրի նկատմամբ, որն անտեսում է մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները: Մեր կազմակերպության՝ «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտ»-ի ինտերնետային կայքում բազմաթիվ փաստեր ու վկայություններ կան ադրբեջանցի այն պաշտոնյաների մասին, որոնք ոտնահարում են մարդկանց իրավունքներն, ամենայն մանրամասնությամբ գրված է՝ ով, երբ է բռնություն կիրառել, որտեղ, ում նկատմամբ: Եթե նրանցից գոնե հինգը, տասը պատժվեն, գոնե զրկվեն շենգենյան վիզա ստանալու իրավունքից, արդյունքը շատ ավելի մեծ կլինի», - ասում է Յունուսը:

Իրավապաշտպանը պնդում է՝ անգամ Ադրբեջանից հազարավոր կիլոմետրեր հեռու բնակվելով, անընդհատ զանգեր ու հաղորդումներ է ստանում հայրենիքից՝ ընդդիմադիր ակտիվիստների, լրագրողների ու բանտարկյալների հանդեպ շարունակվող բռնությունների ու կոշտ ճնշումների վերաբերյալ:

«Այս ամենն արվում է համակարգված, այդ հանցանքների համար որևէ մեկն այդպես էլ պատասխանատվություն չի կրում», - ասում է հայտնի իրավապաշտպանը՝ հավելելով. - «Ցավոք, շատ դեպքերում համարժեք չի լինում նաև Արևմուտքի արձագանքը»:

«Պատճառները կարելի է երկար թվարկել, սակայն, այդ առթիվ շատ դիպուկ էր գրել ֆրանսիական «Լիբերասիոն»-ը մեր բռնապետի՝ Իլհամ Ալիևի՝ Փարիզ կատարելիք այցից առաջ: Հոդվածը վերնագրված էր՝ «Եվրամիություն-Ադրբեջան. բիզնեսը մարդու իրավունքներից կարևոր է», - ասում է Յունուսը։

«Ադրբեջանում չկա որևէ անկախ լրատվամիջոց կամ հասարակական կազմակերպություն, անգամ Ֆեյսբուքում իշխանություններին քննադատողներին ազատազրկում են՝ շինծու մեղադրանքներով», - փաստում է իրավապաշտպանը՝ զգուշացնելով, որ Արևմուտքը, եթե այսօր գործուն քայլեր չձեռնարկի, վաղը կարող է կանգնել շատ ավելի լուրջ խնդրի առջև»:

Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, որոնք զարգացման երկու ճանապարհ ունեն՝ դեպի Ռուսաստան կամ Արևմուտք, Ադրբեջանն երրորդ ուղին ունի՝ հետխորհրդային այլ մահմեդական երկրների նման՝ դեպի իսլամացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG