Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով ավելի քան երկու տարի Թուրքիայում կալանքի տակ մնալուց հետո՝ երեկ վերադարձել է հայրենիք:
«Թուրքական բանտից Սպիտակ տուն 24 ժամում՝ վատ չէ», - ընդունելով հոգևորականին՝ ասել է Դոնալդ Թրամփը:
Թուրքիայի կողմից լրտեսության և ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրվող պաստորի ազատազրկումը լուրջ դիվանագիտական ճգնաժամ էր առաջացրել Վաշինգտոնի և Անկարայի հարաբերություններում: Բրանսոնին ազատ արձակելու պահանջով անցած օգոստոսին Միացյալ Նահանգներն անգամ պատժամիջոցներ էր սահմանել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի նկատմամբ, ինչից հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել էր:
Երախտագիտություն հայտնելով ԱՄՆ վարչակազմին իր ազատ արձակման համար գործադրած ջանքերի համար՝ ամերիկացի պաստորը, ձեռքը դնելով նախագահ Թրամփի ուսերին, աղոթել է՝ խնդրելով Աստծուց «իմաստնություն տալ նրան՝ Ամերիկայի համար ճիշտ որոշումներ կայացնելու»: