Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահը շաբաթասկզբին այցելել է Մոսկվա, հանդիպել ՌԴ ԱԳ նախարարի և փոխնախարարի հետ․ «Կոմերսանտ»


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Ռուսական «Կոմերսանտ»-ը այսօր գրել է, որ շաբաթվա սկզբին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ:

«Կոմերսանտ»-ը՝ հղում անելով պետական կառույցներում իր աղբյուրներին, գրում է, որ բանակցությունների օրակարգում հայ-ռուսական հարաբերություններն էին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: Պարբերականը հիշեցնում է, որ Խաչատուրովի դեմ Հայաստանում հարուցված է քրեական գործ:

Մոսկվա Արմեն Սարգսյանն այցելել է Նյու Յորքից և Փարիզից հետո: Ռուսական պարբերականն ընդգծում է, որ Նյու Յորքում Հայաստանի նախագահը հանդիպել է Միացյալ Նահանգների թե՛ գործող պետքարտուղար Մայք Փոմփեոյի, թե՛ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ:

Փարիզից հետո, որտեղ Արմեն Սարգսյանը մասնակցել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը, նա այցելել է Մոսկվա: Մոսկովյան այցը չի լուսաբանվել, քանի որ բանակցությունները ոչ ֆորմալ բնույթ էին կրում:

«Կոմերսանտ»-ը գրում է, թե Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությունը դժվար է միանշանակ գնահատել: Մոսկվային դուր չեն գալիս Հայաստանի նախկին ղեկավարության, մասնավորապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործերը: «Քոչարյանը այն քիչ մարդկանցից է, ում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ընկերն է համարում», - գրում է հոդվածի հեղինակը:

Ռուսական թերթը, որը վերջին շրջանում պարբերաբար անդրադառնում է թե՛ հայ-ռուսական հարաբերություններին, թե՛ ղարաբաղյան խնդրին և թե՛ ներհայաստանյան իրավիճակին, հերթական անգամ գրել է, որ Մոսկվային մտահոգում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը: «Խաչատուրովի ձերբակալությունը լուրջ հարված էր ՀԱՊԿ-ի հեղինակությանը», - գրված է թերթում:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե հայ-ռուսական հարաբերություններն այսօր փայլուն են, և որ առաջիկա ամիսներին ևս երկու պետությունների ղեկավարները հանդիպելու են՝ երկու անգամ են հանդիպելու, և այդ հանդիպումներից մեկի թեման էլ ռուսական գազի գինն է լինելու:

Հոդվածի մեծ մասը նվիրված է Հայաստանի նախագահին: Հեղինակը նշում է, որ Արմեն Սարգսյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուն էր, և ժամանակին Նիկոլ Փաշինյանը նրա դեմ է քվեարկել Ազգային ժողովում: Սակայն այսօր Արմեն Սարգսյանը դիվանագիտական բանագնացի դերակատարություն ունի և օգնում է Հայաստանի նոր իշխանություններին կապ հաստատել երկրի համար առանցքային գործընկերների հետ:

Ռուսական պարբերականը մեջբերում է հայաստանցի վերլուծաբան Արթուր Ղազինյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանի նախագահի բանակցությունները Մոսկվայում համաձայնեցված են Հայաստանի վարչապետի հետ: Սարգսյանը պետք է բացատրեր ռուսական կողմին Հայաստանում քաղաքական գործընթացների էությունը: Սրա հետ մեկտեղ, հոդվածում գրված է նաև, որ Փաշինյանը ցանկանում է, որ լինի միայն մեկ ղեկավար, և նախագահը ինչպես այսօր, առաջիկայում ևս ունենալու է միայն ներկայացուցչական գործառույթներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG