Նա ասաց, որ հավաքականն անելու է ամեն ինչ՝ վաղը Ջիբրալթարի հետ կայանալիք հանդիպմանը հաղթանակ տանելու համար․ - «Հավատում եմ, տղաների մոտ մեծ նվիրվածություն եմ տեսնում մարզումների ժամաակ, վստահ եմ փորձելու են ամեն ինչ անեն, որ մենք հասնենք լավագույն արդյունքի»։
Հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով Ջիբրալթարի և Մակեդոնիայի հավաքականների հետ:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ասաց, որ կարևորը արժանապատիվ խաղ ցուցադրելն է․ - «Նույնիսկ արտասահմանյան մարզիչների հետ որ բանակցություններ էին վարում, բանակցությունների ժամանակ խոսքը գնում էր ոչ միայն արդյունքի մասին, այլ նաև արժանապատիվ խաղի մասին»:
Անդրադառնալով Ամերիկյան «Չիկագո Ֆայրի» հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ կրկին հավաքական հրավիրելուն, ասաց, որ վստահ է, որ նրա խաղից թիմը միայն կշահի․ - «Սա մենակ մեր ֆուտբոլիստների խաղը չի, մեր հավաքականի խաղը չի, սա մեր ազգի խաղն ա: Հավաքականը ոչ միայն պատիվ ա մեր համար, այլև մեծ պատասխանատվություն: Ես վստահ եմ, որ մեր «Փյունիկի» հաջողությունները, որ եղավ, «Ալաշկերտի» հաջողությունները, իրոք, մեր համակիրների, հանդիսատեսի մեծ օգնությամբ եղավ: Ես վստահ եմ, որ վաղը կգան, կաջակցեն, և մենք կհասնենք լավ արդյունքի, հաղթանակի»:
Ասուլիսին ներկա էր նաև հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով վստահեցրեց, որ լավ մարզավիճակում են գտնվում, թիմի տրամադրվածությունը բարձր է, պետք է դուրս գան և հաղթեն։
Յուրա Մովսիսյանի վերադարձի մասին Հարոյանն ասաց․ - «Երբ հավաքականի մարզաշապիկով դուրս ես գալիս խաղադաշտ, ուրիշ տրամադրվածությամբ ես խաղում․․․ Ինձ թվում ա, միայն ամենալավը կարելի է սպասել Յուրայից»:
Ե՛վ մարզիչը, և՛ մարզիկն ասացին, որ լավ ուսումնասիրել են հակառակորդին, պատրաստ են անելու հնարավորինը՝ բարձր արդյունք գրանցելու համար։
«Լավ ուսումնասիրել ենք Ջիբրալթարին, համարձակ ֆուտբոլ են խաղում: Թե՛ դրսում, թե՛ ներսում իրենք փորձում են առաջին համարով խաղալ, փորձում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ», - ասաց Գյուլբուդաղյանցը: