Մատչելիության հղումներ

«Ես երազում եմ կրկես ունենալ․․․»


Վանաձորում այսօր նշվեց քաղաքի օրը

Այսօր Վանաձորի փոքրիկ բնակիչները կրկես, գազանանոց ու շատ խաղալիքներ ունենալու մասին իրենց երազանքները ծրարված երկինք ուղարկեցին՝ մի օր դրանք իրականացած տեսնելու ակնկալիքով։

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը խոստումներ չտվեց, բայց հեղափոխության խորհրդանիշ դարձած արտահայտությամբ ներկաներին սիրո և համերաշխության կոչ արեց․ - «Վանաձորը իրավամբ սիրո և համերաշխության քաղաք է։ Պատահական չէ, որ այս տարի մենք մեր համար նշանաբան ենք ընտրել «Հաղթող սերունդների քաղաք»: Դա շատ լայն, ընդարձակ հասկացողություն է, ով ինչպես կուզի, թող հասկանա: Վանաձորը ունի հաղթող սերունդ, Վանաձորը հաղթող սերունդների քաղաք է, և այդ էստաֆետը մենք փոխանցելու ենք նաև հաջորդ սերունդներին»:

Վանաձորի օրվան նվիրված տոնակատարությանը ներկա էին նաև Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու հյուրերը հանդիսավոր բացեցին քաղաքի նորակառույց պուրակը, այնուհետև մասնակցեցին Վանաձորում գործող կազմակերպությունների, նրանց աշխատանքների ցուցահանդեսին։

Ժամանակին քիմիական արդյունաբերության քաղաք համարված Վանաձորն այսօր դրան վերադառնալու ճանապարհ այլևս չունի։ Այսօր Վանաձորում գործում է Հայաստանի ամենամեծ, ավելի քան 2500 աշխատող ունեցող կարի ֆաբրիկան։ Նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ կփորձի զարգացնել Վանաձորը նաև առաջիկայում․ - «Մենք հիմա քննարկում ենք Երևանից ապակենտրոնացնելու համար քայլեր, և առաջինը, կարծում ենք, պետք է ունենանք տնտեսական այլ կենտրոններ: Այսինքն, երկրորդային քաղաքների գաղափարը պիտի առաջ մղենք: Վանաձորը կայուն քայլերով գնում է դեպի թեթև արդյունաբերություն, տեքստիլ արդյունաբերություն: Մենք ամեն ինչ պիտի անենք, որ ավելի լավ զարգանա»:

Լոռեցին պարզ է ու ազնիվ, բայց ոչ միամիտ, ինչպես ընդունված է ասել, պնդում են վանաձորցիները, շեշտելով՝ մեր առանձնահատկությունը բնությունն է ու դրան համարժեք բնավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG