Մատչելիության հղումներ

Թուրքիայի դատարանը որոշեց ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին


Էնդրյու Բրանսոն, արխիվ

Վաշինգտոնի և Անկարայի միջև ամիսներ շարունակված դիվանագիտական ճգնաժամից ու փոխադարձ պատժամիջոցներից հետո՝ այսօր, Թուրքիայի դատարանը որոշեց ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին, ով կալանքի տակ էր ավելի քան երկու տարի՝ լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքներով:

Իր վերջին խոսքում բողոքական եկեղեցու սպասավորն ասել է՝ «ես անմեղ մարդ եմ, և հորդորում եմ արդարացման որոշում կայացնել»:

Իզմիրի դատարանը, սակայն, ապացուցված է համարել վերջինիս ներկայացված մեղադրանքներն ու դատապարտել մոտ երեքուկես տարվա ազատազրկման:

Մեղադրական վճիռ կայացնելով՝ թուրքական դատարանը միաժամանակ որոշել է Բրանսոնին ազատ արձակել հենց նիստերի դահլիճից և հայրենիք վերադառնալու հնարավորություն տալ՝ ճանապարհ հարթելով թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավման համար:

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, Բրանսոնը, որին 35 տարվա կալանք էր սպառնում, որոշումը լսելիս արցունքները չի կարողացել զսպել:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը չի ուշացել. Սպիտակ տան ղեկավարը, ով ամիսներ շարունակ պահանջում էր Թուրքիայից ազատ արձակել Բրանսոնին՝ նրա կալանքը համարելով խայտառակություն, թվիթերյան իր էջում գրել է՝ «իմ մտքերն ու աղոթքները Բրանսոնի հետ են, հույս ունենք, որ նա շուտով տուն կվերադառնա»:

Ընդ որում, այդ գրառումից մոտ կես ժամ առաջ Միացյալ Նահանգների նախագահն իր թվիթով ակնարկել է, որ Բրանսոնն ազատության մեջ է հայտնվել նաև իր վարչակազմի ջանքերով։ «Եռանդուն աշխատում ենք այդ ուղղությամբ», - գրել է Թրամփը:

Դոնալդ Թրամփ, արխիվ
Դոնալդ Թրամփ, արխիվ

50-ամյա քրիստոնյա հոգևորականը, որ շուրջ 23 տարի բնակվում էր Թուրքիայում և առաջնորդում Իզմիրի բողոքական եկեղեցին, ազատազրկվել էր երկու տարի առաջ՝ Քրդական աշխատավորական կուսակցության ու Նահանգներում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցելու համար, ում Անկարան մեղադրում է երկու տարի առաջվա հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Բրանսոնի ազատազրկումը ոչ միայն լուրջ դիվանագիտական ճգնաժամի պատճառ էր դարձել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերություններում, այլև լրջորեն ազդել Թուրքիայի տնտեսության վրա:

Հոգևորականին ազատ արձակելու պահանջով ամիսներ առաջ Վաշինգտոնը մի շարք պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի նկատմամբ, ինչից հետո ազգային արժույթը սկսել էր կտրուկ արժեզրկվել՝ տնտեսությունը կանգնեցնելով լուրջ խնդիրների առաջ:

Ազատ արձակման որոշումից անմիջապես հետո լրատվամիջոցները հաղորդեցին՝ թուրքական լիրան սկսել է աշխուժանալ ու մի քանի ժամվա ընթացքում արժևորվել շուրջ երեք տոկոսով։

Այդուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների ջերմացման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի:

«Միացյալ Նահանգներն ու Թուրքիան միմյանց կարիքն ունեն, այնպես որ, երկարաժամկետ կտրվածքով կապերը կվերականգնվեն, սակայն, մինչ այդ կողմերին դժվարին փուլ է սպասվում», - «Ռոյթերզ»-ին ասել է Մարմարայի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆեսոր Իմրան Դեմիրը։

«Հիմա սկսելու է բանակցությունների ու սակարկումների գործընթացը, որի շրջանակներում կողմերից յուրաքանչյուրն իր պահանջներն է առաջ տանելու», - ասել է Մարմարայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Իմրան Դեմիրը:

Նախօրեին, մասնավորապես, ամերիկյան մամուլը գրել էր, թե Սպիտակ տունը «գաղտնի գործարքի» է գնացել Անկարայի հետ՝ Բրանսոնին ազատ արձակելու դիմաց համաձայնելով թուլացնել Թուրքիայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները:

«Շնորհակալ ենք Միացյալ Նահանգների նախագահին, կոնգրեսականներին ու դիվանագետներին՝ Թուրքիայի նկատմամբ կիրառված շարունակական ճնշումների համար», - քիչ առաջ հայտարարել է Բրանսոնի փաստաբանը՝ տեղեկացնելով, որ դատարանի որոշումից մի քանի ժամ անց արդեն հոգևորականը ինքնաթիռ է նստել ու այժմ հայրենիք վերադառնալու ճանապարհին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG