Մատչելիության հղումներ

Ջոն Բոլթոնն առաջիկայում կայցելի Հայաստան


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, արխիվ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հաջորդ շաբաթավերջին մեկնում է նախկին խորհրդային տարածք:

Ուղևորության ընթացքում Բոլթոնը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան:

Թվիթերի իր էջում հաղորդելով գործընկերների հետ կատարելիք այցերի մասին, Բոլթոնը գրել է, որ Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում հանդիպելու է բարձրաստիճան պաշտոնյաների հետ, նպատակ ունենալով «առաջ տանել ամերիկյան շահերը մի շարք խնդիրներում, այդ թվում անվտանգության բնագավառում»:

Իրավաբան և քաղաքական վերլուծաբան Ջոն Բոլթոնը նաև փորձառու դիվանագետ է: Հանրապետական նախագահ Ջորջ Բուշ կրտսերի օրոք՝ 2005-2006 թվականներին, նա զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

Նրան դասում են կոշտ քաղաքական գործիչների շարքը, նա շատ խիստ գնահատականներ է հնչեցրել, մասնավորապես, Իրանի և Հյուսիսային Կորեայի հասցեին:

Հետևաբար Երևան կատարելիք այցի ընթացքում Բոլթոնը Հայաստանի ղեկավարների հետ, ամենայն հավանականությամբ, կանդրադառնա Վաշինգտոնի և Թեհրանի օրեցօր սրվող ճգնաժամին:

Վերլուծաբանների կարծիքով, Միացյալ Նահանգներում, ընդհանուր առմամբ, ըմբռնումով են գնահատում Հայաստանի և Իրանի բարիդրացիական հարաբերությունները՝ գիտակցելով, որ երկու երկրների կողմից շրջափակված Հայաստանի համար մեծ նշանակություն ունի բնականոն և գործընկերական կապը հարևան Իրանի հետ, որտեղ ապրում են մեծ թվով հայեր:

Համենայն դեպս, նախորդ վարչակարգերը հաշվի են առել այդ հանգամանքները:

ТАСС ռուսաստանյան լրատվական գործակալությունը հոկտեմբերի 3-ին վկայակոչել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանին, ով ասել է, որ Բոլթոնը Մոսկվայում կհանդիպի ռուսաստանցի պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևի հետ: Բանակցությունների թեմաներն են Սիրիան և Հյուսիսային Կորեան:

Անցած չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ կողմերը քննարկում են նաև նախարար Սերգայ Լավրովի հետ Բոլթոնի հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը:

«Եթե այդ այցը կայանա, մենք բաց ենք շփումների համար: Պարոն Բոլթոնի և նախարար Լավրովի հանդիպումը միանգամայն հնարավոր է», - նշել է Զախարովան:

Սիրիայի և Հյուսիսային Կորեայի խնդիրներից զատ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հաստատ կարծարծի ամերիկյան ընտրւթյուններին ռուսաստանցիների ենթադրյալ միջամտության ցավոտ խնդիրը:

Ամերիկան պատրաստվում է նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին, որոնց արդյունքները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ հենց Թրամփի վարչակարգի համար:

Այս տարվա օգոստոսի 23-ին Բոլթոնը Ժնևում հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին և զգուշացրել է զերծ մնալ միջամտության փորձերից:

«Ես հստակ հայտնեցի, որ մենք չեն հադուրժի միջամտություն 2018-ի միջանկյալ ընտրություններին և կնախաձեռնենք աննհրաժեշտ միջոցներ այդ միջամտությունը կանխելու համար», - ասել է Ջոն Բոլթոնն Նիկոլայ Պատրուշևին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG