Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն «միանշանակ կմասնակցի» ընտրություններին, ՀՅԴ-ում մասնակցելու «տրամադրվածություն կա»


Ազգային ժողովի շենքը Երևանում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանշանակ մասնակցելու է առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության գլխավոր քարտուղար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով, որ բազմիցս են հայտարարել՝ ստեղծված ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակը պետք է հանգուցալուծվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով։

«Միանշանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, արդեն իսկ մեր տարածքային կառույցները՝ թե՛ մարզային, թե՛ երևանյան, Գագիկ Ծառուկյանի կողմից հստակ հանձնարարական են ստացել՝ արդեն անցնել կազմակերպչական աշխատանքների, հանձնարարականները տրված են և, ես նաև որպես կուսակցության գլխավոր քարտուղար եմ ասում, մենք արդեն սկսել ենք մեր տարածքային կառույցների հետ աշխատել հստակ արդեն կոնկրետ հանձնարարականներով՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար», - ասաց Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Նաիրա Զոհրաբյան, արխիվ

ԲՀԿ գլխավոր քարտուղարի փոխանցմամբ, իրենց համար կան մի քանի ընթացակարգային խնդիրներ, որոնցից մեկը Ընտրական նոր օրենսգրքի ընդունումն է և կրկնաքվեարկության բացառումը:

Նշենք, որ մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև հուշագրի ստորագրումը, ԲՀԿ-ական պատգամավորները դեմ էին արտահայտվում դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի մտադրությանն՝ ընդգծելով, որ կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի փոփոխությունն, իրականություն չեն դարձել։ Սակայն, ԲՀԿ գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ մինչև նոյեմբեր դրանք կյանքի կկոչվեն:

Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը՝ հուշագրի ստորագրումից հետո, 9-ը հոկտեմբերի, 2018թ.
Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը՝ հուշագրի ստորագրումից հետո, 9-ը հոկտեմբերի, 2018թ.

«Եթե հստակ ժամանակացույց կազմվի, խնդիրները հնարավոր կլինի նոյեմբեր ամսվա ընթացքում լուծել, խորհրդարանը կընդունի նոր Ընտրական օրենսգիրք՝ հույս ունեմ, որ կընդունի, և, ինչպես արդեն կլինի հստակ ժամանակացույց արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այդ ժամանակացույցով էլ «Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ կլինեն դեկտեմբեր 9-ին, 10-ին, 16-ին, մենք պատրաստ ենք», - ասաց Զոհրաբյանը։

Պատասխանելով հարցին, թե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ը դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ի՞նչ ձևաչափով է մասնակցելու՝ առանձի՞ն, թե՞՝ դաշինքով, կուսակցության գլխավոր քարտուղարն ասաց, որ այդ հարցի շուրջ կուսակցության քաղաքական խորհրդում առաջիկայում քննարկումներ տեղի կունենան:

Արսեն Համբարձումյան, արխիվ
Արսեն Համբարձումյան, արխիվ

Ուշագրավ է, որ ՀՅ Դաշնակցությունում թեև որոշում չունեն, բայց դեկտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցելու տրամադրվածություն կա: Այդ մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ շեշտելով, որ իրենք միշտ պատրաստ են մասնակցել:

«[Մասնակցելու] տրամադրվածությունը՝ դրական։ Մենք միշտ ենք պատրաստ մասնակցել», - ասաց Համբարձումյանը։

Ըստ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչի, սակայն, խնդիրն այն է, որ մինչև դեկտեմբերի սկիզբ անհրաժեշտ է ընդունել նոր Ընտրական օրենսգիրքը և ապահովել համապատասխան ընթացկարգերը:

Համբարձումյանը հույս հայտնեց, որ քաղաքական ուժերի համագործակցության արդյունքում հնարավոր կլինի սեղմ ժամկետներում կառավարության գործունեության ծրագրում ամրագրված պայմանավորվածություններն իրականություն դարձնել:

Նշենք, որ ի տարբերություն Գագիկ Ծառուկյանի, ՀՅ Դաշնակցությունը վարչապետի թեկնածու չառաջադրելու և որևէ այլ թեկնածուի չսատարելու մասին հուշագիր Նիկոլ Փաշինյանի հետ չի ստորագրել:

Արձագանքելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Դաշնակցությունը թեկնածու առաջադրի, թե՞՝ այդ հարցը փակված է, Արսեն Համբարձումյանն ասաց, թե իրենք որևէ համաձայնագիր, հուշագիր կամ այլ փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտություն չեն տեսնում:

«Փոխվստահությունը քաղաքական ուժերի միջև շատ ավելի կարևոր է, քան ցանկացած փաստաթղթի ստորագրումը, կամ հայտարարությունը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Համբարձումյանը:

Հարցին, թե թեկնածու չառաջադրելու մասին բանավո՞ր են հավաստիացրել վարչապետ Փաշինյանին, Գերագույն մարմնի ներկայացուցիչն ասաց, թե «հավաստիացում տալու անհրաժեշտություն չկա, քանի որ նման մտավախություն ունենալու խնդիր առհասարակ չի էլ եղել»:

Հավելենք, որ առ այս պահը հստակ չէ՝ արդյոք դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին կմասնակցի Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը. քաղաքական ուժն այս հարցի շուրջ որոշում դեռևս չի կայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG