Ինգուշեթիայում աննախադեպ զանգվածային բողոքի ակցիաների տեղիք տված՝ Չեչնիայի հետ սահմանների մասին համաձայնագիրը, ըստ նախագահ Յունուս-բեկ Եվկուրովի, ստորագրվել է հանկարծակի, ճանապարհային աշխատանքների շուրջ տարաձայնությունների ֆոնին, սակայն փաստաթուղթը նախապատրաստվել է նախապես և առանց Մոսկվայի մասնակցության: Այդ մասին Ինգուշեթիայի նախագահը խոսել է РБК հեռուստաընկերության հետ զրույցում:
Եվկուրովը, իր հավաստմամբ, հարցը վաղուց է սկսել քննարկել չեչեն պաշտոնակցի հետ, սակայն համաձայնագրի ստորագրումը որոշել են արագացնել՝ երկու հանրապետությունների միջև ճանապարհների կառուցապատման աշխատանքների ֆոնին, որը ինգուշների շրջանում բողոքի ալիք էր առաջացրել: «Երբ չեչենական տեխնիկան սկսել է աշխատել ինգուշական Արշտը գյուղի ճանապարհին, բոլորը որոշեցին, որ չեչենները մտել են Ինգուշեթիայի տարածք», - ասել է Եվկուրովը:
Տարածքների փոխանակման մասին փաստաթուղթը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն Ինգուշեթիայի բնակչության շրջանում, այլ նաև արդարադատության համակարգում: Սահմանադրական դատարանը ետ է կանչել համաձայնագիրը՝ պնդելով, որ Ազգային ժողովը լիազորված չէ նման օրենք ընդունել, և հարցը պետք է որոշվի հանրապետական հանրաքվեի միջոցով:
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող երկու կովկասյան հանրապետությունների միջև տարածքային վեճը նոր չէ: Խորհրդային Միության փլուզումից հետ Չեչնիան ու Ինգուշեթիան չեն կարողանում կիսել մասնավորապես Սունժայի շրջանը, որը մաս է կազմում միաժամանակ երկու հանրապետությունների վարչական տարածքներին: