Մատչելիության հղումներ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը այսօր ավարտում է աշխատանքները


Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները, Երևան, 11-ը հոկտեմբերի, 2018թ․

Ֆրանսիայի նախագահը հրաշալի ապագա է տեսնում Հայաստանի համար:

Երևանում այսօր աշխատանքները կավարտի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:

Նախօրեին՝ գագաթնաժողովի առաջին օրը, երեկոյան Հանրապետության հրապարակում կայացած գալա համերգից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ճաշ է մատուցվել մայրաքաղաքի ռեստորաններից մեկում: Արդեն սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, թե ինչպես են հայկական երաժշտության ներքո պարում Նիկոլ Փաշինյանը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և այլ երկրների ղեկավարներ: Ինքը Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում պարբերաբար տեղադրում էր լուսանկարներ Թրյուդոյի, Մակրոնի, այլ երկրների ղեկավարների հետ:

Երեկոյան այդ ճաշից հետո «Ազատությանը» հաջողվեց մի փոքր զրուցել Էմանյուել Մակրոնի հետ: Նա քաղաքական հարցերի չէր պատասխանում: «Ազատության» հարցին՝ ինչպիսի՞ ապագա է տեսնում Հայաստանի համար, Ֆրանսիայի նախագահը պատասխանեց, որ հրաշալի, շատ երջանիկ է լինել այստեղ: Հստակեցնող հարցին, թե հատկապես հեղափոխությունից հետո ի՞նչ ապագա է տեսնում Հայաստանի համար, Մակրոնն արձագանքեց, որ շատ լավ է կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, ըստ էության չցանկանալով պատասխանել այդ հարցին:

Այսօր գագաթնաժողովի փակման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս, և ակնկալվում է, որ առնվազն Մակրոնն ու Թրյուդոն այդ ասուլիսին հանդես կգան:

Ֆրանսիայի նախագահը հենց այսօր մեկնելու է Հայաստանից, սակայն Կանադայի վարչապետի այցը դեռ կշարունակվի: Նա լինելու է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, նախատեսված է առանձնազրույց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG