Ռուսաստանի բացառիկ դերը աշխարհի բոլոր երկրներից տիեզերագնացներին միջազգային տիեզերակայան և հակառակ ուղղությամբ տեղափոխելը սառեցվել է մինչև հետաքննության ավարտը՝ կապված երեկ տեղի ունեցած վթարային վայրէջքի հետ։
Ամերիկացի ու ռուսաստանցի աստղագնացներ Նիք Հեյգն ու Ալեքսեյ Օվչինինը Երկիր վերադառնալու համար կարողացել են օգտագործել վայրէջքի համար նախատեսված գունդը: Գունդն անջատվել է տիեզերանավից, ու ավտոմատ բացվել են պարաշյուտները: Հեյգն ու Օվչինինը վթարային վայրէջք են կատարել Ղազախստանի տափաստանում:
«Անձնակազմը վայրէջք է կատարել: Բոլորը ողջ են», - Թվիթերում գրել էր «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:
Այս ոլորտի համար պատասխանատու ԱՄՆ և Ռուսաստանի պաշտոնյաները երեկ ուշ երեկոյան հայտարարել են, որ «Սոյուզ» հրթիռները չեն օգտագործվի, մինչև չպարզվի, թե ինչն է եղել վթարային իրավիճակի պատճառը: