Մատչելիության հղումներ

Իզմիրի դատարանն այսօր կքննի ամերիկացի հոգևորականին կալանքից ազատելու հարցը


Թուրքիա - Ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը Իզմիրում, արխիվ
Թուրքիա - Ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը Իզմիրում, արխիվ

Թուրքիայում Իզմիրի դատարանն այսօր կքննի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին կալանքից ազատելու հարցը, որի պատճառով թուրք-ամերիկյան երբեմնի ռազմավարական հարաբերությունները հայտնվել են լուրջ ճգնաժամում:

Բողոքական եկեղեցու սպասավորը ազատազրկվել է երկու տարի առաջ՝ Թուրքիայում կազմակերպված հեղաշրջման փորձից հետո, Անկարան նրան մեղադրում է լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու մեջ, Վաշինգտոնն այս մեղադրանքները շինծու ու անհիմն է որակում: Հենց Բրանսոնին ազատելու պահանջով էր, որ ամիսներ առաջ՝ օգոստոսին, Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանեց ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի նկատմամբ, ինչից հետո թուրքական լիրան սկսեց կտրուկ արժեզրկվել՝ տնտեսությունը կանգնեցնելով լուրջ խնդիրների առաջ: Ընդ որում, Սպիտակ տունը սպառնում է է՛լ ավելի խստացնել սահմանափակումները, եթե հոգևորականը շուտափույթ ազատ չարձակվի:

«Վաշինգտոնի համբերությունն արդեն սպառվում է», - երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն: - «Հույս ունենք, որ Թուրքիան շուտով ազատ կարձակի Բրանսոնին, և նա՝ կնոջ հետ, կկարողանա վերադառնալ Միացյալ Նահանգներ: Նախագահ Թրամփը ուշադրության կենտրոնում է պահում այս հարցը, վարչակազմը նույնպես կենտրոնացած է դրա վրա, և մենք շատ մեծ հույսեր ունենք, որ դրական արդյունքների կհասնենք մոտ ապագայում»:

Բողոքական եկեղեցու սպասավորը ծնվել է Հյուսիսային Կարոլինայում, վերջին 23 տարիներին ապրել է Թուրքիայում ու ծառայել Իզմիրում գտնվող եկեղեցում: Այժմ նրան թուրքական օրենքներով 35 տարվա ազատազրկում է սպառնում, ընդ որում, ըստ փաստաբանի, առաջադրված մեղադրանքները հիմնված են բացառապես Թուրքիայի դատախազության հայթայթած ցուցմունքների վրա:

«Գործում չկա որևէ փաստաթուղթ կամ ծանրակշիռ ապացույց», - հայտարարում է Բրանսոնի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավութը: - «Այս հարցը փտախտ է դարձել Թուրքիայի հասարակության համար և հանգեցրել քաղաքական ու տնտեսական խնդիրների: Դրանք հաղթահարելու համար դատարանը պետք է վերանայի մինչ օրս կայացված, ապօրինի որոշումները»:

Պաշտոնական Անկարան, մինչդեռ, դիրքորոշումը փոխելու որևէ նշան ցույց չի տալիս, ճիշտ հակառակը՝ շաբաթասկզբին նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Թուրքիայում քաղաքական գործիչները չեն կարող ազդել դատարանների վրա, միաժամանակ, առանց դատարանի որոշման, պնդել՝ Բրանսոնը մութ կապեր ունի ահաբեկչական խմբավորումների հետ:

«Դատարանն ինչպես որոշի, այդպես էլ կլինի: Ես պարտավոր եմ ենթարկվել, և նրանք, որ անցնում են այս գործով կամ շահագրգռված են, ինձ նման պետք է ենթարկվեն դատական համակարգին», - հայտարարել է Էրդողանը:

Պաստորի շուրջ խորացող այս լարվածության ֆոնին բրիտանական հեղինակավոր Economist պարբերականը ամիսներ առաջ դեռ փաստել էր՝ Էնդրյու Բրանսոնը կարող է համարվել աշխարհի ամենաթանկ բանտարկյալը. նրան ազատ չարձակելու պատճառով Թուրքիան արդեն իսկ կորցրել է 40 միլիարդ դոլար ֆոնդային բորսաներում, թուրքական արժույթը մոտ մեկ հինգերորդով արժեզրկվել է, իսկ երկիրը կանգնել է լրջագույն ֆինանսական ճգնաժամի շեմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG