Մատչելիության հղումներ

ԱԺ ընդունած վիճահարույց օրենքի մասին հարցին Հայաստանի նախագահը կպատասխանի «մոտ օրերին»


Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

«Այդ հարցի շուրջ ես ելույթ եմ ունենալու»․ - այսպես արձագանքեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Ազատության» հարցին՝ մտադի՞ր է արդյոք ստորագրել Ազգային ժողովի ընդունած վիճահարույց օրենքը խորհրդարանի կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին:

«Այդ հարցին ես ժամանակը կգա՝ մոտ օրերին կպատասխանեմ», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի նախագահը՝ շարունակելով․ - «Այն հարցը, ինչ որ վերաբերվում է Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ կապված Ազգային ժողովի հետ, ինչպես ես արտերկրում գտնվելիս հայտարարեցի, որ կարծում եմ՝ միակ ճանապարհը դա երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է՝ օրենքի, օրինականության և իհարկե Սահմանադրության սահմաններում, և վերադառնալուց հետո սկսել եմ իմ հանդիպումները և՛ վարչապետի հետ, և՛ Ազգային ժողովի նախագահի և ներկայացված կուսակցությունների հետ այդ նպատակով, որպեսզի հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք, որպեսզի անցումը մեկ անգամ ևս տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմաններում»:

Ազգայի ժողովը հոկտեմբերի 2-ի երեկոյան կայացած արտահերթ նիստում ձեռքով քվեարկությամբ՝ 67 կողմ ձայներով, ընդունեց փոփոխությունները խորհրդարանի կանոնակարգ օրենքում:

Խորհրդարանական երեք ուժերի՝ Հանրապետականի, ՀՅ Դաշնակցության ու «Ծառուկյան» դաշինքի առաջարկած փոփոխությունների համաձայն, մասնավորապես, Ազգային ժողովի նիստը ոչ թե կհամարվի չկայացած, այլ՝ ընդհատված, եթե որևէ հարցի քննարկում տեղի չունենա, օրինակ՝ արտակարգ իրավիճակի պատճառով, կամ խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին:

Այս փոփոխությունների կողմնակից պատգամավորներին և քաղաքական ուժերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակահեղափոխականներ անվանեց և մարդկանց կոչ արեց հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ՝ խաղաղ ցույցի: Նա հայտարարեց կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ մարզպետներին պաշտոնանկ անելու մասին:

Այդ օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահը հորդորեց զուսպ և հանդուրժողական լինել ու խոստացավ վիճահարույց օրինագծին անդրադառնալ Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ: Հոկտեմբերի 9-ին նախագահի գրասենյակը հաղորդեց, որ Արմեն Սարգսյանը վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ և այդ շրջանակում իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG