Մատչելիության հղումներ

Իոաննիսյան․ Եթե ԱԺ֊ում լուրջ խոչընդոտներ չհարուցվեն, ընտրությունները կանցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով


Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը վստահեցնում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին կանցկացվեն նոր Ընտրական օրենսգրքով՝ «եթե խորհրդարանում լուրջ խոչընդոտներ չհարուցվեն»:

Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի մինչև Ազգային ժողովի լուծարումը, այսինքն՝ հոկտեմբերի վերջին:

Բայց մինչև Ազգային ժողովում նախագծի քննարկումը, այն պետք է քննարկվի Վենետիկի հանձնաժողովում: Ընտրական օրենսգրքի հայեցակարգն արդեն ուղարկվել է, շուտով միջազգային հանձնաժողովի քննարկման առարկա կդառնա նաև նախագիծը: Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական առաջարկները նախագծում կընդգրկվեն, եթե դրանք ներկայացվեն մինչև Ազգային ժողովում նոր օրենսգրքի ընդունումը:

«Քանի որ ճշգրիտ հայտնի չէ, թե Վենետիկի հանձնաժողովը երբ կտա առաջարկները, տեսականորեն հնարավոր է, որ Վենետիկի հանձնաժողովի առաջարկները ժամանեն օրենսգիրքը ընդունելուց հետո: Այդուհանդերձ դրանք կարևոր են հետագա բարեփոխումները քննարկելու համար», - նշեց Իոաննիսյանը:

Իոաննիսյանը հիշեցրեց, որ նախկին իշխանության օրոք գործող Ընտրական օրենսգրքում չեն ընդգրկվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկները: Դրանցից մի քանիսը արդեն ընդգրկել են իրենց հեղինակած նախագծում: Իսկ եթե նոր առաջարկներն ու խորհուրդները
Վենետիկիի հանձնաժողովը խորհուրդ է տալիս նաեւ ընտրություններն մինչև օրենսգրքի ընդունումը հանձնաժողովը չհասցնի ներկայացնել, ապա դա խոչընդոտ չէ բարեփոխված օրենսգրքով ընտրություններն անցկացնելու համար:

«Պետք է ասեմ, որ Վենետիկի հանձնաժողովի ռեկոմենդացիաները չունեն իմպերատիվ բնույթ: Անգամ կան Եվրախորհրդի անդամ երկրներ, որոնք Ընտրական օրենսգիրքը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով», - փոխանցեց Դանիել Իոաննիսյանը:

Վենետիկի հանձնաժողովը նաև խորհուրդ է տալիս ընտրություններն անցկացնել նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից մեկ տարի անց, որպեսզի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը պատշաճ պատրաստվելու ժամանակ ունենան:

Ըստ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարի, երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը շուտափույտ հանգուցալուծելու անհրաժեշտություն կա և այս պատճառով էլ հանձնաժողովի խորհրդին հետևել չեն կարող:

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու դեմ են խորհրդարանական ՀՅԴ և ՀՀԿ խմբակցությունները: Դաշնակցությունը չի առարկի ժամկետին, եթե Ընտրական օրենսգրքի բարեփոխումից բացի, կյանքի կոչվեն դրանից բխող ենթաօրենսդրական կետերը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հիշեցնում է, որ այս ամենին իրենց համաձայնությունը հայտնել են նոր կառավարության ծրագրին կողմ քվեարկելով․ - «Մեզ համար կարևոր է Ընտրական օրենսգրքի բարեփոխումը, մեզ համար կարևոր է հավասար պայմանների ապահովումը բոլոր քաղաքական ուժերի համար, և հանրային ընդհանուր հանդարտ մթնոլորտը, որտեղ քաղաքական ուժերը իրար հետ կմրցակցեն երկրի ապագայի իրենց ծրագրերով ու մոտեցումներով»:

Ընտրական նոր օրենսգրքով սահմանվելու է ամբողջական համամասնական ընտրակարգ, իսկ խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվելու է մեկական տոկոսով: Կուսակցությունները կընտրվեն, եթե 4 տոկոս քվե ստանան, իսկ դաշինքները՝ 6 տոկոս: Ազգային ժողովում առնվազն պետք է լինեն չորս քաղաքական ուժեր՝ անկախ ստացած քվեի քանակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG