Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր ասել է, որ մինչև հունվար Ռուսաստանը կհստակեցնի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով վերադառնալու հարցով դիրքորոշումը: «Հունվարին մենք կա՛մ դիմում կներկայացնենք ԵԽԽՎ-ում աշխատանքը շարունակելու համար, կա՛մ չենք դիմի, և այդ ժամանակ կարող են լինել այլ որոշումներ», - լրագրողներին ասել է նա:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն այսօր ասել է, թե իրեն տեղեկացվել է, որ Ռուսաստանը հունվարին չի վերադառնա ԵԽԽՎ և անդամավճար չի վճարի ամբողջ տարվա համար:
Ղրիմը բռնակցելու հետևանքով ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը զրկվել է ձայնի իրավունքից և մոնիթորինգային գործունեությանը մասնակցելու հնարավորությունից: Դրան իր պատասխան՝ Ռուսաստանի պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ-ի լիագումար նիստերին, իսկ 2017 թվականի կեսերին դադարեցրել է վճարումները:
Հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի ԱԳՆ-ն միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է անցկացնելու, որի արդյունքում առաջարկ է ներկայացվելու, թե ինչ դիրքորոշում ցուցաբերի Մոսկվան ԵԽԽՎ-ի հանդեպ: