Մատչելիության հղումներ

Վարչապետը ցավակցություն է հայտնել Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ


Արայիկ Խանդոյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախյան պատերազմի մասնակից Արայիկ Խանդոյանի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

«Ցավով տեղեկացա արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի անժամանակ մահվան մասին։ Նա մի մարդ էր, որ դեռևս շատ երիտասարդ տարիքում կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության գործին։ Արցախյան ազատամարտում իրեն դրսևորեց իբրև հայրենիքի անձնուրաց նվիրյալ՝ արժանանալով Արցախի և Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևների։

Այսօր, երբ մեր պետությունն ու ժողովուրդը կառուցում են հասարակական համերաշխություն, մենք պետք է թոթափենք հինը, թոթափենք այն անցյալը, որտեղ հնարավոր էր Արայիկ Խանդոյանի հրաժարումը մարտական պարգևներից։ Մենք որպես սեփական իշխանությունը վերադարձրած ժողովուրդ համախմբվում ենք նորովի`սիրո և համերաշխության շուրջ։

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Արայիկ Խանդոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։

«Միայնակ Գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանը մահացել է հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, նախնական տվյալներով՝ սրտի կաթվածից, սակայն նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը հիմնավոր կասկածներ ունի, որ վաղաժամ մահվանը նպաստել է 2017 թվականի հուլիսին դատարանի նկուղում նրան ծեծելը:

Մեկ տարի առաջ Խանդոյանը և խմբի այլ անդամներ հայտարարել էին, թե դատարանի նկուղում մի խումբ ոստիկաններ դաժան ծեծի են ենթարկել իրենց: Այդ դեպքից մեկ տարի անց էլ, ըստ պաշտպանի, Խանդոյանը հաճախ գանգատվել է գլխապտույտից, գլխացավերից, վատ լսողությունից։

Արայիկ Խանդոյանը վերջին երկու տարին անցկացրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, պաշտպանների պնդմամբ, անմարդկային պայմաններում:

Նա կալանավորվել էր 2016 թվականի ամռանը «Սասնա Ծռեր» խմբի՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: Գնդի գրավման ընթացքում, հիշեցնենք, երեք ոստիկան է մահացել:

Արայիկ Խանդոյանի խափանման միջոցը փոխվեց հեղափոխությունից հետո, ազատության մեջ ազատամարտիկը հասցրեց ապրել երկուսուկես ամիս:

Արայիկ Խանդոյանը ունի 5 երեխա: Որպես ղարաբաղյան պատերազմի մասնակից՝ արժանացել է պարգևների և մարտական մեդալների, սակայն, ի նշան իշխանությունների դեմ իր բողոքի, 2015 հրաժարվել էր դրանցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG