Մատչելիության հղումներ

«Պետրով-Բոշիրով» զույգը Սկրիպալին հետևել է Չեխիայում


Պետրովը, Պուտինը և Բոշիրովը, քաղաքական ծաղրանկար:
Պետրովը, Պուտինը և Բոշիրովը, քաղաքական ծաղրանկար:

Մեծ Բրիտանիայի կողմից հայր և դուստր Սերգեյ ու Յուլիա Սկրիպալներին «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով թունավորելու մեջ մեղադրվող ГРУ-ի (ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական գլխավոր վարչության) գործակալներ «Ալեքսանդր Պետրովը» և «Ռուլան Բոշիրովը» ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին փորձել են հետևել նաև Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

Չեխիայի Հանրային ռադիոյի փոխանցմամբ՝ Սկրիպալը 2014 թվականին այցելել է Պրահա, որտեղ հակահետախուզական ծառայության աշխատակիցների հետ քննարկել է ռուսաստանցի լրտեսներին բացահայտելու հնարավորությունները:

Չեխական աղբյուրները համոզված են, որ «Պետրով-Բոշիրով» լրտեսների զույգն այդ ժամանակ փորձել է հետևել Սկրիպալի տեղաշարժին:

Bellingcat վերլուծական կենտրոնի փորձագետները հրապարակել են զույգի իրական անուն-ազգանունները՝ «Ալեքսանդր Պետրովը» Ալեքսանդր Միշկինն է, իսկ «Ռուսլան Բոշիրովը» Անատոլի Չեպիգան է:

Երկուսն էլ, ըստ ռուսական աղբյուրների, արժանացել են Ռուսաստանի հերոսի կոչման: Միշկինը բժիշկ է, կրթություն է ստացել ռուսական ռազմական ակադեմիաներից մեկում: Չեպիգան կադրային հետախույզ է:

Չեխիայի ռադիոյի հաղորդագրության համաձայն, նրանք Պետրովի և Բոշիրովի անձնագրերով 2014 թվականի հոկտեմբերին այցելել են Չեխիա: Պետրով-Միշկինը նախ մեկնել է Օստրավա, մի քանի օր մնացել է հյուրանոցում, ապա տեղափոխվել է Պրահա, իսկ Բոշիրով-Չեպիգան անմիջապես Պրահա է մեկնել:

Հենց այդ օրերին Պրահայում էր նաև Սերգեյ Սկրիպալը: Չեխիայի ռադիոն նշում է, որ Պետրովի և Բոշիրովի այցը հետաքրքրել է ոչ միայն երկրի հակահետախուզական ծառայության, այլև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային կենտրոնի ծառայողներին:

Չեխական ծառայությունները հրաժարվել են մեկնաբանել թեման, իսկ Չեխիայում Ռուսաստանի դեսպանությունը ռադիոյին փոխանցել է, թե Չեխիայի պետական սահմանը հատելու ընթացքը կարգավորում է Չեխիայի իշխանությունը:

Neovlivni.cz չեխական կայքի փոխանցմամբ, 2010-14 թվականներին Չեխիայի տարածքից արտաքսվել է լրտեսության մեջ կասկածվող 11 ռուսաստանցի դիվանագետ: Այնուամենայնիվ հայտնի չէ, թե արդյոք արտաքսումները կապ ունեն չեխերին Սկրիպալի փոխանցած տեղեկությունների հետ:

Սկրիպալին և նրա դստերը «Նովիչոկով» թունավորել են այս տարվա մարտի 4-ին Սոլսբերի ավանում:

Ենթադրվում է, որ գործակալները նյութով մշակել են Սկրիպալի տան մուտքի դռան բռնակը․ այդ օրը Սկրիպալներին հայտնաբերել են անգիտակից վիճակում:

Նրանք տևական ժամանակ բուժվել են հիվանդանոցում և այսօրվա դրությամբ, ըստ բժիշկների, կազդուրվել են:

Հունիսի 30-ին Էյմսբերի ավանում, որը բավական մոտ է Սոլսբերիին, ոմն Չարլի Ռոուլի «Նինա Ռիչի» պիտակով սրվակ է գտել և, ենթադրելով, որ դրանում հենց այդ ընկերության արտադրած օծանելիքն է, այն նվիրել է ընկերուհուն՝ Դաուն Սթարջեսին:

Ըստ մամուլի, երկուսն էլ սոցիալական ոչ բարվոք պայմաններում գտնվող քաղաքացիներ էին:

Կինն օգտագործել է նյութը, ինչից հետո երկուսի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: Նրանց տեղափոխել են Սոլսբերիի հիվանդանոց, որտեղ ժամանակին բուժել են Սկրիպալներին:

Երեք երեխաների մայր Դաուն Սթարջեսը՝ գիտակցության չգալով, վախճանվել է, իսկ Չարլի Ռուլիին հաջողվել է փրկել: Բրիտանացի մասնագետները պարզել են, որ «Նինա Ռիչիի» սրվակում «Նովիչոկ» էր:

Այդ նյութը ստեղծել են Խորհրդային Միությունում: Լոնդոնը պնդում է, որ նյութը Սկրիպալին սպանելու համար Ռուսաստանից Բրիտանիա են բերել ГРУ-ի գործակալները, որոնք սպանության պատվերը ստացել են Կրեմլից:

Մոսկվան կտրականապես հերքում է և հիմնազուրկ է անվանում մեղադրանքը:

Այս տարվա սեպտեմբերի 12-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Պետրովն ու Բոշիրովը քաղաքացիական անձինք են, կապ չունեն գաղտնի ծառայությունների հետ և առաջիկայում կներկայանան հանրությանը:

Դրանից հետո զույգը պատասխանել է «Ռուսաստանն այսօր» հեռուստակայանի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի հարցերին: Անորոշ և հակասական պատասխանները դարձել են հեգնական անհաշիվ կատակների թեմա, ռուսական գաղտնի ծառայությունների ձախողման խորհրդանշան և է՛լ ավելի են համոզել փորձագետներին, որ հենց Պետրովն ու Բոշիրովն են փորձել սպանել Սկրիպալին:

Այդ կապակցությամբ MI-6 (Էմ-Այ 6) բրիտանական հետախուզական ծառայության մի անանուն վերլուծաբան մամուլում նշել է, թե «մարդիկ ծիծաղում են ռուսների հետախուզական ձախողումների կապակցությամբ, բայց ձախողումները հազվադեպ են, իսկ նրանց հաջողված գործողությունների մասին, բնականաբար, տեղեկություն չի լինում»:

Եվ այնուամենայնիվ, ինչպես The Times բրիտանական օրաթերթն է նշում, «առաջիկայում Ռուսաստանի հետախուզական մարմիններում, ամենայն հավանականությամբ, ոմանք կպատժվեն»․ - «Կգտնվեն ղեկավարներ, ովքեր կպատասխանեն «Նովիչոկի» ձախողման համար, քանի որ դեռ խորհրդային ժամանակաշրջանից, երբ հետախուզությունը ձախողվել է, Կրեմլը հետևություններ է արել, միջամտել ու կադրային փոփոխություններ է կատարել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG