Մատչելիության հղումներ

Թրամփ. «Իվանկան ՄԱԿ-ում հիանալի դեսպան կլիներ, բայց ես նրան այդ պաշտոնում չեմ նշանակի»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դստեր՝ Իվանկայի հետ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դստեր՝ Իվանկայի հետ, արխիվ

Դոնալդ Թրամփի համոզմամբ՝ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի պաշտոնում լավագույն թեկնածու կարող էր լինել իր դուստրը` Իվանկան: Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց Վաշինգտոնում երեքշաբթի երեկոյան` հատուկ ընդգծելով, սակայն, որ չնայած այդ համոզմանը՝ նա իր դստերը ՄԱԿ-ում դեսպանի պաշտոնը չի վստահի:

«Կարծում եմ Իվանկան շատ լավ [թեկնածու] կլիներ, սակայն դա չի նշանակում, որ ես հենց նրան եմ առաջադրելու: Բանն այն է, որ այդ դեպքում ինձ կարող են մեղադրել հովանավորչության համար, թեև ես վստահ եմ, որ աշխարհում այդ պաշտոնի ավելի հարմար թեկնածու գոյություն չունի: Ամեն դեպքում, մենք մի շարք մարդկանց թեկնածություններ ենք քննարկում», - նշում էր Դոնալդ Թրամփը:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի ամենահավանական թեկնածուն այս պահին «Գոլդման Սաքս» ներդրումային բանկի ղեկավարներից մեկի պաշտոնը զբաղեցնող Դինա Հաբիբ-Փաուելն է: 45-ամյա Փաուելը ազգությամբ ղպտի է, ծնվել է Կահիրեում՝ Եգիպտոսի զինված ուժերի սպայի ընտանիքում, չորս տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ:

Փաուելն ավարտել է Տեքսասի համալսարանը, առաջին անգամ Սպիտակ տանն աշխատանքի է անցել 2000-ականների սկզբին` Ջորջ Բուշի պաշտոնավարման ընթացքում: Թրամփի` նախագահի պաշտոնում ընտրությունից հետո Փաուելը կրկին աշխատանքի է անցել Սպիտակ տանը` զբաղեցնելով տնտեսական նախաձեռնությունների գծով նախագահի խորհրդականի, ապա նաև՝ ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալի պաշտոնները:

«Դինան իհարկե այն մարդն է, ում թեկնածությունը ես կքննարկեմ, այդ թեկնածությունն արդեն իսկ քննարկվում է: Իրականում մենք բազմաթիվ այլ անուններ ևս քննարկում ենք այս պահին: Ինչ վերաբերում է դեսպանի պաշտոնից հեռացած Նիկի Հեյլիին, ապա նա մեզ կօգնի այդ ընտրության հարցում», - նշում էր Թրամփը:

Նիկի Հեյլին ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից հրաժարականի մասին հայտարարեց երեկ: CNN-ի տեղեկություններով՝ Հեյլիի հրաժարականը անակնկալ է եղել ամերիկյան դիվանագիտական կորպուսի համար: Ամերիկյան հեռուստաընկերության տեղեկություններով՝ իր մոտալուտ հրաժարականի մասին Հեյլին տեղեկացրել է միայն իր անմիջական ենթականերին:

«Պետքարտուղար Մայք Փոմփեոյի և Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի համար Նիկի Հեյլիի հրաժարականը անակնկալ էր», - պնդում են CNN-ի լրագրողները: Նրանց համոզմամբ՝ Հեյլիի հրաժարականի ամենահավանական պատճառներից մեկը կարող էին լինել նրա հարաբերությունները Փոմփեոյի և Բոլթոնի հետ, որոնք, ըստ CNN-ի, քայլեր էին ձեռնարկում ՄԱԿ-ում դեսպանին դիվանագիտական կորպուսի ներսում մեկուսացնելու ուղղությամբ: «Բացի այդ, Հեյլին մի քանի անգամ արտաքին քաղաքական որոշ խնդիրների` մասնավորաբար Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցի շուրջ վեճեր էր ունեցել նախագահ Թրամփի հետ», - պնդում է հեռուստաընկերությունը:

Վաշինգտոնի քաղաքական շրջանակներում վերջին 24 ժամերին պտտվող մեկ այլ համառ լուրի համաձայն էլ՝ Նիկի Հեյլիի հրաժարականի պատճառը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարելու նրա ցանկությունն է:

«Իրականում Հեյլին չափազանց խելացի է 2020 թվականին առաջադրվելու համար: Թեև Թրամփի վարկանիշը ողջ ընտրազանգվածի կտրվածքով այնքան էլ լավ վիճակում չէ, այնուհանդերձ, նա շարունակում է մնալ հանրապետական ընտրողների կողմից առավել սիրված նախագահների թվում: Դա նշանակում է, որ որևէ մեկը չի կարող հաղթել Թրամփին 2020 թվականին ընդառաջ անցկացվող ներկուսակցական ընտրություններում», - գրում են CNN-ի լրագրողները` կանխատեսելով, որ Նիկի Հեյլին փորձելու է նախագահի պաշտոնի համար պայքարել, երբ Թրամփը վերջնականապես կլքի քաղաքականությունը: «2024 թվականի ընտրություններին առաջադրվելու դեպքում արդեն վեց տարի անցած կլինի այն պահից, երբ Նիկի Հեյլին լքած կլինի Սպիտակ տունը: Այդ հանգամանքը կարող է շատ գրավիչ լինել հանրապետական ընտրողների համար», - համոզված են CNN-ի մեկնաբանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG