Մատչելիության հղումներ

Սիրո և համերաշխության մթնոլորտն «աստիճանաբար կվերականգնվի». Վահրամ Բաղդասարյան


Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Հանրապետական խմբակցությունն ի սկզբանե մտադրություն չի ունեցել Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու առաջադրել։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում՝ «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Ազատություն». - Պարոն Բաղդասարյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, «խելամիտ որոշում է համարում» Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության երեկվա հայտարարությունը, ըստ որի, խմբակցությունը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն» և, ըստ էության, հիմա խնդիրը հանգուցալուծվա՞ծ է։

Բաղդասարյան. - Մենք իրար հետ երեկ խոսեցինք, որ սա եղել է ֆրակցիայի կարծիքը վեց ամիս առաջ, մեկ ամիս առաջ։ Եվ այն, ինչ մենք խոսում ենք, այդ նույնը երեկ հայտարարություն է արվել։

«Ազատություն». - Ի սկզբանե հանրապետական խմբակցությունը մտադրություն չունե՞ր վարչապետի թեկնածու առաջադրելու։

Բաղդասարյան. - Բացարձակապես չի եղել, ինքը [Նիկոլ Փաշինյանը] գիտեր դրա մասին։

«Ազատություն». - Դուք չէիք բացառել, որ կարող է արտախորհրդարանական ուժ դառնաք, դա հնարավո՞ր է։

Բաղդասարյան. - Քաղաքական դաշտում որևէ բան բացառված չէ և որևէ մեկին ընդմիշտ տրված չէ այդ մենաշնորհը, որ նա պետք է լինի խորհրդարանական, կամ իշխանություն։

«Ազատություն». - Իսկ Ձեր անձնական տեսակետն ինչպիսի՞ն է՝ ճի՞շտ է, որ այս իրավիճակում Հանրապետականը զերծ մնա և չմասնակցի ընտրություններին։

Բաղդասարյան. - Անձնական տեսակետներ քաղաքական դաշտում, առավել ևս իմ պոստը զբաղեցնող անձնավորությունները, չեն հայտնում։

«Ազատություն». - Իսկ Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ի՞նչ տեսակետ ունի։

Բաղդասարյան. - Կքննարկենք, դրա մասին կհայտնենք։

«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ նա հանդես չի գալիս հայտարարությամբ, հրապարակային խոսք չի ասում, ինչո՞ւ է շարունակ լռում Սերժ Սարգսյանը։

Բաղդասարյան. - Ինքը խոսում է գործադիր մարմնի նիստերում։

«Ազատություն». - Պարզապես հանրությունը չի տեղեկանում այդ ամենի մասին՝ նա ի՞նչ է մտածում, ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակը։

Բաղդասարյան. - Նա միանձնյա որևէ ենթադրություններ չի անում։

«Ազատություն». - Կարող ենք ասել, որ դեկտեմբերին ընտրություններին չմասնակցելու՝ թեկնածու չառաջադրելու որոշումը հենց Սերժ Սարգսյանի որոշումն էր։

Բաղդասարյան. - Ոչ, դա բոլորիս որոշումն է եղել՝ դեռ շատ վաղուց, որովհետև այս իրավիճակում ես չեմ կարծում, որ այն որդեգրած քաղաքականությունը, որ մենք չենք խոչընդոտելու կառավարության գործունեությանը, դա հենց խոչընդոտ է։

«Ազատություն». - Սիրո և համերաշխության մթնոլորտը վերականգնվա՞ծ է։

Բաղդասարյան. - Աստիճանաբար կվերականգնվի։

«Ազատություն». - Իսկ Ձեզ ճնշե՞լ են, ինչպես երեկ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էր հայտարարում։

Բաղդասարյան. - Ես ճնշվող չեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG