Մատչելիության հղումներ

Պուտինի վարկանիշը շարունակում է կտրուկ նվազել․ «Լևադա» կենտրոն


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղղաթիռում, Ստավրոպոլի մարզ, 9-ը հոկտեմբերի, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղղաթիռում, Ստավրոպոլի մարզ, 9-ը հոկտեմբերի, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը շարունակում է կտրուկ նվազել: Դա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի հարցման՝ երկուշաբթի օրը հրապարակված արդյունքները: Դրանց համաձայն՝ ռուսաստանցիների միայն 39 տոկոսն է այսօր վստահում երկրի ղեկավարին:

Ուշագրավ է, որ ընդամենը 10 ամսում Ռուսաստանի նախագահի վստահության վարկանիշը նվազել է 20 տոկոսով: 2017 թվականի նոյեմբերին «Լևադա» կենտրոնի անցկացրած հետազոտության համաձայն՝ Պուտինին վստահում էր հարցված ռուսաստանցիների 59 տոկոսը:

«Մի քանի ամիս առաջ արդեն նկատելի էր, որ Ռուսաստանի նախագահի վարկանիշը նվազում է: Հունիսին այդ ցուցանիշը կազմում էր 48 տոկոս, իսկ վերջին 4 ամիսներին Պուտինի վարկանիշը նվազել է ևս 9 տոկոսով», - արձանագրում են ռուսաստանցի սոցիոլոգները` հավելելով․ - «Կտրուկ կերպով նվազում է նաև Ռուսաստանի նախագահի մերձավոր թիմակիցների վարկանիշը»:

Այսպես, «Լևադա» կենտրոնի մասնագետների կողմից սեպտեմբերին անցկացված հետազոտության համաձայն՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վարկանիշը 2017-ի նոյեմբերից մինչև այս տարվա սեպտեմբեր նվազել է ավելի քան 8 տոկոսով` 23-ից հասնելով 15 տոկոսի: Կառավարության ևս մեկ առաջատար անդամի` արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին այսօր վստահում է ռուսաստանցիների միայն 10 տոկոսը` նախորդ տարվա նոյեմբերին արձանագրված 19 տոկոսի դիմաց: Նվազել է նաև նախկին նախագահ, գործող վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առանց այդ էլ ցածր վարկանիշը՝ այսօր նրան վստահում է Ռուսաստանի բնակիչների միայն 10 տոկոսը:

«Լևադա» կենտրոնի անցկացրած հարցման համաձայն, ի դեպ, Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի ամենացածր վստահության մակարդակ ունեցող գործիչն է: Եթե հավատանք հարցման արդյունքներին, ապա կառավարության ղեկավարին չի վստահում Ռուսաստանի բնակչության 31 տոկոսը` 2017-ի նոյեմբերի 19 տոկոսի դիմաց:

Փոխարենը՝ նվազում է այն ռուսաստանցիների թիվը, որոնք հայտարարում են ընդդիմադիր գործիչների հանդեպ տածած կտրուկ հակակրանքի մասին:

Այսօր ռուսաստանցիների միայն 3 տոկոսն է հայտարարում, որ չի վստահում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն` նախորդ տարվա աշնանը արձանագրված 10 տոկոսի դիմաց: Քսենիա Սոբչակին մեկ տարի առաջ կտականապես չէր վստահում ռուսաստանցիների 14, իսկ այսօր՝ միայն 4 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG