Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները հրապարակել են «Աշխարհի տնտեսական հեռանկար» զեկույց, որի համաձայն, ամերիկյան պատժամիջոցների հետևանքով Իրանի տնտեսությունը հայտնվել է «ռեցեսիայի» (հետաճի) վիճակում:
Փորձագետները ենթադրում են, որ ճգնաժամը հաջորդ տարի էլ ավելի կխորանա և մեծապես նավթի արտահանման վրա հիմնված տնտեսության կրճատումը կկազմի 1.5 տոկոս, իսկ հաջորդ տարի այն կհասնի 3.6 տոկոսի:
Այս տարվա մայիսին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չէր հայտարարել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին, Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները կարծիք էին հայտնել, որ Իրանի տնւտեսությունը 2018-19 թվականներին մոտ 4 տոկոսի աճ կգրանցի:
Իրանի տնտեսական անկումը բացատրվում է նավթի արտահանման հնարավորությունների սահմանափակումներով, քանի որ գնորդները չեն ցանկանում ենթարկվել պատժամիջոցներին և պայմանագրեր են կնքում այլ արտահանողների հետ:
Ամերիկյան պատժամիջոցների երկրորդ փուլն ուժի մեջ կմտնի այս տարվա նոյեմբերին:
Պատժամիջոցները վերականգնվել են այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի վճռով Միացյալ Նահանգները դուրս է եկել Իրանի և միջազգային վեց տերությունների 2015 թվականի միջուկային պայմանագրից:
2015 թվականին «պատմական» որակումը ստացած այդ պայմանագրով Իրանը պետք է սահմանափակեր միջուկային հետազոտությունների ակտիվությունը և ստանար աշխարհի զարգացած պետությունների հետ տնտեսական համագործակցության հնարավորություն:
ԱՄՆ և Իսրայելը ենթադրում են, որ Իրանը ցանկանում է ստեղծել միջուկային զենք, Թեհրանը պնդում է, որ իրանական միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի: