Մոտ 10 հազար մարդ տարհանվել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից 180 կիլոմետր արևելք գտնվող Չերնիգովի շրջանի Իչնյա ավանի մոտակայքում տեղակայված զինապահեստում անցած գիշեր տեղի են ունեցել պայթյուններ և խոշոր հրդեհ է բռնկվել: Այս պահին չկան հաղորդագրություններ տուժածների մասին:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ զինապահեստում պայթյունները որոտացել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 3։30-ին, ինչից հետո շուրջ 70 հեկտար տարածքում հրդեհ է սկսվել:
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիկտոր Մուժենկոն մեկնել են դեպքի վայր:
Գեներալը հաղորդել է, որ իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ իրավիճակը հսկողության տակ պահելու համար:
Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Ուկրաինայում անցած տարիների ընթացքում մի քանի անգամ տեղի են ունեցել նմանօրինակ միջադեպեր:
Անցյալ տարի Խարկովի մոտակայքում տեղակայված զինապահեստի պայթյունի հետևանքով տարհանվել է մոտ 20 հազար բնակիչ, իսկ սեպտեմբերին Վիննիցայի շրջանում տեղի է ունեցել զինապահեստի պայթյուն, որի հետևանքով մոտ 30 հազար մարդ է տարհանվել:
Ուկրաինայի իշխանություններն այդ միջադեպերը որակել են որպես «երկրի թշնամիների կազմակերպած սաբոտաժ»:
Անցյալ տարվա միջադեպերի կապակցությամբ իշխանությունը 100 միլիոն «հրիվնա» (3 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլար) է հատկացրել զինապահեստների անվտանգությունը հզորացնելու համար: