Մատչելիության հղումներ

«Շնորհակալություն եմ հայտնում թավշյա հեղափոխության ժամանակ Ձեր հավասարակշռված դիրքորոշման համար». Փաշինյանն ընդունել է Միլսին


«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թավշյա հեղափոխության ժամանակ Ձեր հավասարակշռված դիրքորոշման համար», - այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել Միլսին՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի և հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

«Ձեր պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում շարունակաբար զարգացել են և խորացել: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թավշյա հեղափոխության ժամանակ Ձեր հավասարակշռված դիրքորոշման համար: Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր է Հայաստանի համար, և համոզված եմ, որ այսուհետ ևս հայ-ամերիկյան բարեկամական կապերը կշարունակեն ընդլայնվել», - նշել է Փաշինյանը՝ հաջողություններ մաղթելով Միլսին հետագա գործունեության մեջ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին կառուցողական համագործակցության համար՝ նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամն ու սիրով կպահպանի կապերը Հայաստանի ու հայ ժողովրդի հետ:

«Որպես Միացյալ Նահանգների դեսպան՝ իմ պաշտոնավարման ժամկետը մոտենում է իր ավարտին, և ես հպարտությամբ արձանագրում եմ մեր երկու երկրների շարունակաբար զարգացող կապերը բազմաթիվ ոլորտներում՝ բիզնեսից մինչև պետական կառավարում և քաղհասարակություն: Վստահ եմ՝ այս կապերն էլ ավելի կամրապնդվեն առաջիկա տարիներին: Այժմ, երբ կառավարությունն ու հայ ժողովուրդը նավարկում են Հայաստանի պատմության այս կարևոր ժամանակաշրջանում, ես լավագույնն եմ մաղթում Ձեզ, պարոն վարչապետ», - նշել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի, ընթացիկ ծրագրերի և հետագա զարգացման հեռանկարների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին և զարգացումներին:

Վարչապետը նշել է, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի թափանցիկության բարձրացման ճանապարհով:

Դեսպան Միլսը ողջունել է կառավարության քայլերն ու բարեփոխումներն այս ուղղություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG